«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդություն
2020 թվականի հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» ներխուժած և կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը անմեղսունակ է ճանաչվել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանից:
Հարցին, թե Արթուր Թորոսյանի տված ցուցմունքներին այս դեպքում կարող են իրավական գնահատականներ տրվել, պաշտպանը պատասխանեց, որ անձի անմեղսունակ ճանաչվելուց հետո նրա քրեական պատասխանատվության հարցն այլևս չի քննարկվում, քանի որ անմեղսունակ անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության:
«Գործը էլի ուղարկվում է դատարան, բայց քննվում է հատուկ վարույթի կարգով, որտեղ քննվում է ոչ թե անմեղսունակ անձի քրեական պատասխանատցության ենթարկելու խնդիրը, այլ վերջինիս հարկադիր բուժման ուղարկելու խնդիրը»,-ներկայացրեց Աղաջանյանը:
Պաշտպանը նշեց, որ բուժման ավարտի վերաբերյալ ոչ ոք չի կարող հստակ ժամանակ ասել, բայց բուժումից հետո, դատարանի համապատասխան որոշմամբ՝ հարկադիր բուժումը կարող է վերացվել: