Հայաստանում մարդիկ չեն կարող ինքնամեկուսանալ, կան շատ մարդիկ, ովքեր օրվա հացով են ապրում․ Ն. Ներսիսյան. Տեսանյութ
Կորոնավիրուսը տարածվում է, և այստեղ շատ կարևոր է՝ երկրում առողջապահական համակարգը որքանո՞վ է պատրաստ վարակի ռիսկերը վերլուծելու, համաճարակը մոդելավորելու ու գնահատելու՝ հասկանալու համար՝ ի՞նչ ծանրության տակ է ընկնելու առողջապահական համակարգն իքս ամիս հետո։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։
Հաղորդման մյուսը հյուրը՝ «Պարացելսուս» ՀԿ ղեկավար Նունե Ներսիսյանի գնահատմամբ՝ համաճարակի ռիսկերը գնահատելու համար անհրաժեշտ էր վաղուց քայլեր ձեռնարկել՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով․ «Երբ Ուհան քաղաքում տարածվեց կորոնավիրուսը, դեռ այդ ժամանակ էր պետք կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի այսպիսի պատկեր մենք այսօր չունենայինք»։
Նունե Ներսիսյանի խոսքով՝ ամեն դեպքում մենք այսօր ունենք նաև մասնագետների խնդիր․ «Արսեն Թորոսյանն այսօր փնտրում է մասնագետների, այն դեպքում, երբ ժամանակին փակեց հակադիսպանսերն ու մասնագետներին ուղարկեց աման լվանալու ու նմանատիպ աշխատանքների»։
Հարցին՝ մասնագետների դիտարկմամբ՝ ինչ արագությամբ է կորոնավիրուսը տարածվում, Էդուարդ Հովհաննիսյանը պատասխանել է․ «Այս օրերին շատ ենք լսում սոցիալական հեռավորության մասին և հենց սրանից է կախված՝ ինչքան արագ կտարածվի համաճարակը»։
Բժիշկ-համաճարակաբանի համոզմամբ՝ շատ կարևոր է նաև, թե ում են թեստավորում և ի՞նչ թեստերով։
Նունե Ներսիսյանն էլ նշում է, որ այսօր մենք բավարար ինֆորմացիա չունենք, թե քանի թեստ ունենք․ «Մենք այսօր չունենք ինֆորմացիա, երբ են մարդուն թեստավորում, երբ թոքաբորբ է լինու՞մ, թե՞՝ հազի, կամ էլ գրիպի ժամանակ։ Այս է պատճառը, որ մենք չենք կարող հստակ ասել՝ մեր երկրում ի՞նչ ագրեսիվությամբ ու արագությամբ է տարածվում կորոնավիրուսը»։
Բժշկի խոսքով՝ կարծես ամեն ինչ պլանավորված լիներ․ «Փակեցին ՁԻԱՀ-ի կենտրոնն ու հակատուբերկուլյոզային կենտրոնը, որից հետո կանգնեցին նմանատիպ խնդրի առաջ։ Բոլոր նորմալ համաճարակաբաններին հասցրին նրան, որ մարդիկ դիմում գրեցին ու աշխատանքից ազատեցին, դրա համար էլ այսօր չունենք կորոնավիրուսի վերլուծությունը»։
Բժիշկ-համաճարակաբանի խոսքով էլ՝ ձեռքերը լվանալուց զատ պետք է քաղաքացիներն առավել ուշադիր լինեն իրենց առողջությանը․ «Եթե մարդը մեկուսացել է, ապա պետք է իրապես մեկուսանա, ոչ թե իր հարևանների հետ շփվի, կամ էլ բակում կիսատ թողի գործերն անի»։
Նունե Ներսիսյանն էլ համոզված է, որ Հայաստանում չի լինի ճիշտ ձևով ինքնամեկուսանալ և հնարավոր չէ համեմատել մեր օրինակը միջազգային օրինակի հետ․ «ՀՀ-ում կան շատ մարդիկ, ովքեր իրենց օրական եկամուտով են ապրում, իրենք չեն կարող նստել տանը, ինքնամեկուսանալ, այդ մարդիկ օրվա հացով են ապրում»։

