ՀՀ եւ ԱՀ նախկին վարչապետները մարտի 17-ին անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար
Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը մարտի 17-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ են ներկայացնելու դատարանին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը տեղեկացրել էր, որ մարտի 17-ին, ժամը 13։00-ին, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, դատարանում հանդես են գալու նախագահ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ։
Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ հորդորում ենք վաղը չհավաքվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջեւ»։