Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերհանել վառելանյութերի ոլորտում առկա խնդիրները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Անդրադառնալով բենզինի և դիզելային վառելիքի որակին՝ վարչապետը նշել է. «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ: Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով: Արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային»:
Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին 1-ամսյա ժամկետում բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման և որակի վերահսկողության գործառույթներն առավել արդյունավետ իրականացման նպատակով, ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան թույլտվություններն ըստ վառելիքի տեսակների հստակ տարանջատման վերաբերյալ՝ հաշվի առնելով հանրապետության ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը։ Հանձնարարվել է նաև, համատեղ քննարկելով, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հետ մշակել այս ոլորտում առկա խնդիրները վերհանելու և կանխարգելելու հստակ մեթոդաբանություն: