Առաքել Մովսիսյանի որդու պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Հունվարի 30-ին Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով կալանավորված ՀՀԿ-ական նախկին պատգամավորի՝ Առաքել Մովսիսյանի որդու պաշտպանն արդեն ներկայացրել է վերաքննիչ բողոքը: Փաստաբան Գոռ Գեւորգյանը Aravot.am-ին հայտնեց, որ իր բողոքը երեկ է մուտք արվել դատարան, բայց դեռ հայտնի չէ, թե որ օրը կնշանակվի բողոքի քննությունը: Փաստաբանը բողոքարկելու է իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը:
Հիշեցնենք, որ Գոռ Գեւորգյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ անհիմն է համարում իր պաշտպանյալի՝ Դավիթ Մովսիսյանի կալանավորումը: «Շատ հիմնավոր բողոք է, իրենց բոլոր թերությունները վերհանված են, իրավական պայքար կմղենք, տեսնենք՝ այս անգամ ինչ հիմնավորումներ կբերեն »,- ասաց փաստաբանը: Ըստ նրա՝ իր պաշտպանյալի կալանավորումից հետո քննչական որեւէ գործողություն չի եղել: