Զարեհ Սինանյանը մեկ շաբաթով մեկնում է Մոսկվա. նպատակը հայտնի է
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 12-18-ին մեկնում է Մոսկվա:
Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2020 թվականի փետրվարի 12-18-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (քաղաք՝ Մոսկվա)՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու եւ մեկնարկած համագործակցությունները ամրապնդելու նպատակով»:
Նշվում է նաեւ, որ Զարեհ Սինանյանի՝ գործուղման ավիատոմսի (Երեւան-Մոսկվա-Երեւան), գիշերակացի եւ օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել 2020 թվականի պետական բյուջեով ՀՀ վարչապետի աշխատակազմի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին: