Խաղային մարզաձևերի երիտասարդների և պատանիների ՀՀ առաջնություններն ըստ հնարավորության կանցկացվեն ԼՂ-ում
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականով միջոցներ են ձեռնարկվում խաղային մարզաձևերի երիտասարդների և պատանիների 2017 թվականի ՀՀ առաջնություններն ըստ հնարավորության Լեռնային Ղարաբաղում անցկացնելու ուղղությամբ: «Անհրաժեշտ է ուսումնասիրել պայմանները, քննարկել բոլոր հնարավորությունները խաղային մարզաձևերից մի քանիսի ՀՀ առաջնությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնելու համար՝ այդ առաջնությունները նվիրելով Արցախի անկախության 25-ամյակին»,- ասել է Հ. Ռոստոմյանը:
Նախարարը հանձնարարել է նաև ԼՂՀ-ում կազմակերպել ատլետիկա, բռնցքամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ մարզաձևերի մարզիչների սեմինար-խորհրդակցություններ:
Նշենք, որ սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում հայկական երկու հանրապետությունների համագործակցության վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել 2016 թվականի նոյեմբերին Հ. Ռոստոմյանի ԼՂՀ կատարած այցի ժամանակ, որի ընթացքում նախարարը ԼՂՀ նախագահի և վարչապետի հետ քննարկել է ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: