Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:
Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված Կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքերում հրապարակված տեղեկատվությունն է:
Արգելանքը կգործի մինչև ԿԱՀԿ-ի և ԱՀԿ-ի կողմից Չինաստանը Կորոնավիրուսից ազատ ճանաչելու մասին պաշտոնական տեղեկատվության հրապարակումը:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին