ՔԿՀ-ում ազատազրկված անձինք «բունտ» են արել, եղել է քաշքշոց. կալանավորն ինքնավնասում է կատարել
Tert.am-ի տեղեկություններով` այսօր ուշ երեկոյան Արմավիր քրեակատարողական հիմնարկում միջադեպ է գրանցվել, ազատազրկված անձինք անհնազանդություն են ցուցաբերել։ Նրանք խոչընդոտել են չնախատեսված խուզարկությանը, հարևան խցերից էլ հարվածել են դռներին, վիրավորել քրեակատարողական հիմնարկի ծառայողներին։
Իրավիճակը լարված է եղել շուրջ 40 րոպե։ Tert.am-ի տեղեկություններով` հարվածել են քրեակատարողական հիմնարկի ծառայողի, տեղի է ունեցել քաշքշոց։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տիրող իրավիճակի ու անհնազանդության վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից: Նա ասաց, որ այս պահին ՔԿՀ-ում իրավիճակը հանգիստ է։
«Չնախատեսված խուզարկություն է կատարվել, կալանավորի մոտից բջջային հեռախոս է հայտնաբերվել, որը չի ենթարկվել ներքին կանոնակարգին։ Կալանավորն ինքնավնասում է արել, տեղում անմիջապես բուժօգնություն է ցուցաբերվել։ Իրավիճակը հանգիստ է»,- ասաց Նավիկյանը։