Չկար բարեփոխում, չկային բարեփոխողներ, չկային այն արդյունքները, որոնք ակնկալվում էին տնտեսական հեղափոխությունից. Անդրանիկ Թևանյան
2019 թվականին գաղափարական կամ ծրագրային փոփոխություններ տնտեսական հարցերում տեղի չունեցան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը՝ ամփոփելով 2019 թվականին տեղի ունեցած տնտեսական փոփոխությունները կամ իշխանության կողմից նշված «տնտեսական հեղափոխությունը»։
«Իշխանությունը ոչ մի նախադրյալ չներկայացրեց և չասաց, թե ինչ նկատի ուներ տնտեսական հեղափոխություն ասելով։ Չկար բարեփոխում, չկային բարեփոխողներ, չկային այն արդյունքները, որոնք ակնկալվում էին տնտեսական հեղափոխությունից»,- ասաց նա։
Անդրանիկ Թևանյանը նշեց, որ տնտեսական հեղափոխությունը մակրոտնտեսական առումով ավելի վատ թվեր է ապահովել։ Ըստ նրա՝ եթե համեմատենք վերջին երեք տարիների տնտեսության ցուցանիշները, ապա կտեսնենք, որ 2019 թվականի տնտեսական ցուցանիշները որպես հեղափոխական ցուցանիշներ համարել չի կարելի:
Թևանյանը նշեց, որ 2019 թվականին նույնիսկ նվազել է զբոսաշրջության աճը:
«Ասում էին՝ «թավշյա հեղափոխությունը» բրենդ է դառնալու, սակայն աճի տեմպը փաստացի նվազել է: 2019 թվականին նույնիսկ ներդրումներն էին պակասել, 67 միլիոն դոլար է եղել առաջին ինն ամսվա ընթացքում, մինչդեռ 2018 թվականի առաջին եռամսյակում, այսինքն` հեղափոխությունից առաջ, ներդրումների ծավալը մոտ 95 միլիոն դոլար է եղել»,- ներկայացրեց տնտեսագետը:
Թևանյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի օրոք ընդամենը մեկ բարեփոխում է նկատվել, որը մակրոտնտեսական որոշակի կայունության ապահովումն էր, որը, սակայն, դժվար թե պահպանվի 2020 թվականին:
«Երբ պետության առաջին դեմքից անկայունության և անորոշության ցնցումներ են նկատվում, բավական բարդ է կայունություն ապահովելը»,- ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ էր ամերիկյան հեղինակավոր Time ամսագրին պատվիրվել գրել Հայաստանի տնտեսական հեղափոխության մասին, որը Նիկոլ Փաշինյանը ձեռքբերում էր համարել, Թևանյանը պատասխանեց, որ դա իշխանության` հասարակությանը կառավարելու մեթոդներից մեկն է՝ ցույց տալ, որ ամեն ինչ լավ է: Ըստ նրա՝ այդ հոդվածը պատվիրվել է ցուցամոլության շրջանակում:
«Այդ հոդվածում նաև հոգեբանական գործոն կար: Վերնագրում գրված էր «Caucasian Tiger» («Կովկասյան վագր»), որը նշանակում է, որ նա կոմպլեքսներ ունի, նա ցանկանում է այն մարդուն նմանվել, ում քաղաքականորեն հետապնդում է, խոսքս Ռոբերտ Քոչարյանի մասին է: Հոգեբանորեն նա արդեն դարձել է գերի իր իսկ կողմից հակառակորդ հայտարարված մարդու կերպարին»,- նշեց նա:
Հարցին, թե տնտեսական ոլորտում ի՞նչ պետք է սպասել 2020 թվականին, տնտեսագետը նշեց, որ խնդիրները և բացերը շատ են, ինչպես, օրինակ, գազի գնի, Ամուլսարի շահագործման, բյուջետային մուտքեր ապահովման խնդիրները: Ըստ նրա՝ 2019 թվականին արված քայլերն իշխանության հնարավոր առավելագույն քայլերն էին:
«Իշխանությունը չունի այն տնտեսական քաղաքականությունը, ըստ որի նա կշարունակի աճ ապահովել: Եթե սրան ավելացնենք վարչապետի քաղաքական այն ցնցումները, որոնք ներդրողին խրտնեցնում են, ապա շատ խնդիրներ կնկատվեն: Իշխանությունը կոչ է արել ՀԴՄ պահանջել, աղքատությունը սեփական գլխում հաղթահարել, սակայն տնտեսական հեղափոխությունն ապահովելու համար այլ մոդելներ և կոչեր չեն եղել»,- ամփոփեց Անդրանիկ Թևանյանը: