Կառավարությունն անշեղորեն իրականացնում է ՀՀԿ-ի ծրագրերը․ Արտակ Զաքարյան. Տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց (հրապարակելով ՖԲ իր էջում) ռուսական արտադրության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգերով ՀՀ ԶՈւ-ն համալերելու մասին: Սա կարևոր համալրում է: Տարիներ շարունակ, մեր զինված ուժերն ինտենսիվ կերպով համալրվել են տարբեր նշանակության սպառազինությամբ և տեխնիկայով:
Ուրախ եմ, որ գործող կառավարությունն անշեղորեն իրականացնում է ՀՀ զինված ուժերի արդիականացման և զարգացման՝ նախկինում մշակված ու հաստատված երկարաժամկետ ծրագիրը:
Բնականաբար, հրապարակման ենթակա չէ, թե հաջորդ ձեռքբերումներն ինչ են լինելու: Միայն կարող եմ ասել, որ 2018-2024թթ. ԶՈւ արդիականացման ծրագիրը ժամանակին ու պատշաճ կերպով իրականացնելուց հետո մենք ունենալու ենք նոր որակի, ժամանակակից պաշտպանական ու հարձակողական կարողություններով համալրված ազգային բանակ:
P.S.Տոռ-Մ2ՄԿ զենիթահրթիռային համալիրը նախատեսված է կարևորագույն ռազմական ու պետական օբյեկտներն ուղղաթիռների և ինքնաթիռների հարվածներից, թևավոր, հակառադիոտեղորոշիչ ու այլ կառավարվող հրթիռներից, ավիառումբերից ու անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար։ Համակարգը օդային թիրախները հայտնաբերում է շուրջ 32 կմ հեռավորությունից, միաժամանակ կարող է հսկել մինչև 10 թիրախ ու միաժամանակ հարվածել մինչև 4 թիրախի:
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

