«Կա՛մ արդարադատության նախարարը պետք է իր դիպլոմը հրապարակայնորեն այրի, կա՛մ, երևի, ես». Գրիգոր Մուրադյան. Տեսանյութ
«Այս օրենքը, իմ խորին համոզմամբ, որևէ լեգիտիմություն չի կարող ունենալ և չունի: Դա ընդամենը ձևական մի փաստաթուղթ է, որով փորձ է արվում կամավորության քողի ներքո հասնել նրան, որ ՍԴ դատավորների մեծամասնությունը հրաժարական ներկայացնի՝ օգտվելով, ինչպես իրենք են գնահատում, «ոսկյա ձեռքսեղմումից», իսկ իմ մեկնաբանմամբ՝ «ոսկեգույն սողանցքից: Եվ հնարավոր կլինի ձևավորել այնպիսի մեծամասնություն, որը կարտահայտի այսօրվա քաղաքական իշխանությունների կամքը»,-168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի երեկ Ազգային ժողովի (ԱԺ) երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունած ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը:
Անդրադառնալով մեկ այլ հարցի, թե ինչի՞ց են վախենում իշխանությունները, որ ուզում են ազատվել ներկայիս ՍԴ-ից, կա՞ արդյոք մի փաստաթուղթ, որը ՍԴ-ն կարող է ճանաչել հակասահմանադրական, ինչն իշխանությունների պլանների մեջ չի մտնում, սահմանադրագետն ասաց, որ ՍԴ լիազորությունների՝ ընդամենը պարզ ուսումնասիրությունը կարող է փաստել, որ ՍԴ-ն ունի լիարժեք կարողություն՝ հակազդելու հակասահմանադրական ցանկացած առանցքային քայլի, ներառյալ՝ ընտրական վեճերի լուծումը, ինչ-որ կոնվենցիայի ընդունում, կամ Ռոբերտ Քոչարյանի գործի՝ սահմանադրականության հետ կապված խնդիրը:
«Չմոռանամ ասել, որ սահմանադրական բարեփոխումները նախնական սահմանադրական վերահսկողության են ենթակա ՍԴ-ում: Ցանկացած սահմանադրական բարեփոխում, որը կնախաձեռնի քաղաքական իշխանությունը, նախապես պետք է գնահատվի ՍԴ-ի կողմից, ուստի բոլոր առանցքային հարցերի վերաբերյալ ՍԴ-ն այս կամ այն չափով, շատ դեպքերում՝ նաև էական ու կանխորոշիչ դեր է ունենալու: Դրա համար էլ ակնհայտ է, որ ՍԴ-ի կազմի փոփոխությունը չէր կարող չլինել գերխնդիր այս քաղաքական իշխանության համար»,-հավելեց Գրիգոր Մուրադյանը:
Սահմանադրագետը նշում է նաև, որ դրան անօրինական եղանակով հասնելու համար իշխանությունները պետք է տապալեն սահմանադրական կարգը, որովհետև Սահմանադրության 1-ին հոդվածից է ածանցվում դատավորների անփոփոխելիության սկզբունքը:
«Վենետիկի հանձնաժողովը (ՎՀ) հատուկ այս իշխանությունների համար մի քանի անգամ այդ շեշտադրումն արել է՝ որ քաղաքական իշխանության փոփոխությունը որևէ կերպ չպետք է ազդի ՍԴ դատավորների պաշտոնավարման անվտանգության վրա, որովհետև դրանից կախված է այն, թե մենք իրավական պետությո՞ւն ենք, թե՞ ոչ, ինչն այնպիսի դասագրքային ճշմարտություն է և տարրական սկզբունք, որի դեմ գնալը կհանգեցնի նրան, որ Հայաստանում կտապալվի սահմանադրական կարգը»,-ասաց ՍԴ նախագահի խորհրդականը՝ հավելելով, որ դրա համար էլ ընտրվեց մի ձև, որ իբրև թե օրինական ճանապարհով, բայց իրականում դրդեն ՍԴ դատավորներին, որ նրանք հրաժարական տան:
Գրիգոր Մուրադյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այդ նախագիծն այդպես էլ ՍԴ կարծիքի չի ուղարկվել, ինչն օրենսդրական խնդիր է:
«Բայց սա էլ էական հանգամանք չէ: Էական է այս օրենքն ընդունելու քաղաքական իշխանությունների չարակամությունը: Դա փաստվում է նրանով, որ մինչ այդ նախաձեռնվել և իրականացվել են տարբեր ոչ իրավաչափ գործընթացներ՝ բռնաճնշումներ ՍԴ դատավորների նկատմամբ, հարուցվել են արհեստական քրեական գործեր ՍԴ նախագահի մերձավորների ու իր հետ որոշակի աղերսներ ունեցած մարդկանց նկատմամբ, և այլն»,-ասաց Գրիգոր Մուրադյանը:
Վերջինիս կարծիքով՝ ՍԴ դատավորների մեծամասնության վրա ներազդել հնարավոր չի լինի, եթե նրանք չցանկանան ինքնակամ գնալ վաղ կենսաթոշակի:
«Այդուհանդերձ, որպեսզի օգտվեն այդ իրավունքից, իրենք իրենց աչքի առջև ունեն այն հեռանկարը, թե՝ իսկ եթե չընդունեն, ի՞նչ կկատարվի: Իսկ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ մինչև այս օրենքի ընդունումը»,-նկատեց սահմանադրագետը:
Հարցին, թե արդյոք իշխանությունները չե՞ն սպառել այդ եղանակները, եթե, ինչպես շատերն են գնահատում, դիմում են «օրինական կաշառքի» տարբերակին», Գրիգոր Մուրադյանն ասաց, որ իր կարծիքով՝ չեն սպառել, և դա իրենց մոտ միշտ պետք է լինի պահուստային տարբերակ, որովհետև իրենց համար ՍԴ-ի ներկայիս կազմից ազատվելը գերխնդիր է:
«Իմ գնահատմամբ՝ սպառել են քրեական հետապնդման հնարավորությունները, որովհետև եթե դատավորները չօգտվեն այս առաջարկից, ու դրանից հետո քրեական հետապնդում սկսելը կլինի երևի թե համաշխարհային սկանդալ, որից իրենք չոր դուրս գալու շատ քիչ հնարավորություններ ունեն, քանի որ միջազգային կառույցները կտեսնեն, որ սա ըստ էության բիրտ պարտադրանք է»,-նկատեց ՍԴ նախագահի խորհրդականը:
Նկատառմանը, ապա նաև հարցին, թե՝ մեր տեղեկություններով՝ իշխանությունները հետագայում նպատակ ունեն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, ու այդ գումարը, որն իրենք էլ, թերևս, հասկանում են,մեծ գումար է, նվազեցնել ու հավասարեցնել սովորական, արդեն իսկ ընդունված կենսաթոշակային չափին, կա՞ արդյոք նման հնարավորություն, Գրիգոր Մուրադյանը պատասխանեց.
«Իրենք ունեն ավելի քան 3/5 մեծամասնություն, այսինքն՝ ցանկացած սահմանադրական օրենք կարող են ընդունել, ինչպես նաև փոփոխել Սահմանադրության այն հոդվածները, որոնք հանրաքվեով փոփոխման ենթակա չեն, եթե, իհարկե, ՍԴ-ն նախապես տա իր համաձայնությունը, բնականաբար, իրենք որևէ խոչընդոտ չեն ունենա՝ փոխել այս սահմանադրական օրենքը: Ընդամենը պետք է ապավինել նրան, որ խոստացել են, որ չեն անի այդպես»,-նշեց Գրիգոր Մուրադյանը՝ հավելելով, որ կարող են նաև օրենքը հակասահմանադրական ճանաչել, որովհետև այս օրենքն իսկապես սահմանադրականության հետ խնդիր ունի: Այդ դեպքում օրենքը կչեղարկվի:
Հարցին, թե օրենքի կարգավորումներն ինչպե՞ս են արել, որ այն չի վերաբերում, օրինակ, Վահե Գրիգորյանին ու Արման Դիլանյանին, ՍԴ նախագահի խորհրդականն ասաց, որ դա այս օրենքի ամենամեծ թերություններից մեկն է, որը թե գործող, թե նաև մյուս ՍԴ-ին հիմք կտա օրենքի առջև բոլորի հավասարության խախտման հիմքով, գոնե այդ մասով օրենքի փոփոխությունը ճանաչել հակասահմանադրական:
Մեր խնդրանքով՝ Գրիգոր Մուրադյանն անդրադարձավ նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ այսօր արտահայտած այն մտքին, թե «Վերից վար կոռումպացված, հստակ մեխանիզմներով գործող դատական համակարգը, որը գոյություն է ունեցել մինչև 2018 թվականի մայիս-հունիս, որտեղ ուղղակի հաստատված դրույքաչափերով կաշառքները վերից վար, վարից վեր իջել են, ունենալ նմանատիպ դատական համակարգը, և այդ համակարգի պայմաններում՝ լռել, ունենալ համակարգ, որը բացառապես կախվածության մեջ է եղել գործադիրից, և այդ պայմաններում ևս լռել, իշխանափոխությունից հետո, երբ ձեռնարկում ենք դատաիրավական բարեփոխումներ, ասում ենք՝ եկեք դատական համակարգի անկախությունն ապահովենք, ասում ենք՝ քաղհասարակություն, եկեք ներգրավվեք ու մեզ հետ դա արեք, այդ պայմաններում որոշ հայտարարություններ մեկնաբանել՝ որպես դատարանի նկատմամբ ճնշում, զավեշտից բացի, որևէ այլ տպավորություն ինձ մոտ չի թողնում»:
Հարցրինք նաև, թե ինչո՞ւ ՍԴ-ն ընդառաջ չի գնում արդար դատական համակարգ ունենալու՝ իշխանությունների տեսլականին:
«Մի փոքր իմ արժանապատվությունից ցածր կհամարեի նման ցածրորակ տեսակետները մեկնաբանելու համար, բայց քանի որ հարցը տվել եք, անդրադառնամ այդ հանգամանքին: Եթե իրավաբանը նախ արդարացնում է ՍԴ-ի և այլ դատարանների շրջափակումը, դա համարում է իրավաչափ, և սա չի դիտարկում՝ որպես ճնշում կամ գոնե ճնշման փորձ, ես այլևս ոչինչ չունեմ ասելու: Կամ ինքը պետք է իր դիպլոմը հրապարակայնորեն այրի, կամ, երևի, ես: Այլ տարբերակ չի մնում: Դրանից հետո խոսել մերկապարանոց, առանց փաստերի, որ բոլոր դատավորները վերից վար կոռումպացված են, պարզապես սուտ է, էժանագին դեմագոգիա և խաբկանք, որ ցույց տան, թե ինչքան վատն է դատական իշխանությունը»,-նշեց Գրիգոր Մուրադյանը, ապահարց հնչեցրեց, թե՝ եթե բոլորը կոռումպացված են, բա ո՞նց են իշխանություններն իրականացնում այս աղմկահարույց դատավարությունները:
«Այս մարդը հասկանո՞ւմ է, թե ինչ է ինքը խոսում, որտե՞ղ է ինքը հայտնվել՝ գուցե պատահականորեն: Եթե այդպես է, ուրեմն համատարած վեթինգ արեք՝ սկսելով, ի դեպ, ԲԴԽ նախագահից, հետո նոր իրականացրեք այդ դատավարությունները»,-ասաց ՍԴ պաշտոնյան:
Նա տարակուսում է, թե արդյո՞ք Քրեական օրենսգիրքը թույլ է տալիս, որ արդարադատության նախարարը, վարչապետը կամ ԱԺ նախագահը որոշեն, որ առաջ դատավորները կոռումպացված էին, իսկ հիմա՝ ոչ:
«Օրինակ, մինչև 2018թ ապրիլ դատախազությունը, քննչական մարմինները վերից վար կոռումպացված չե՞ն եղել: Հարց եմ տալիս: Թող կանգնեն հայելու առաջ ու «ոչ» ասելիս՝ իրենց աչքերից չխուսանավեն»,-ասաց Գրիգոր Մուրադյանը:
Մեր հարցին, որ, թերևս, այժմ այս օրենքի ճակատագիրը ՀՀ նախագահի ձեռքում է, ի՞նչ կարող է նա անել, Գրիգոր Մուրադյանն ասաց, որ նախագահը կարող է չստորագրել օրենքն ու դիմել ՍԴ՝ այդ օրենքի սահմանադրականության հարցով:
«Կանխատեսումս այն է, որ դա չի լինելու»,-ասաց սահմանադրագետը:
Մեր խնդրանքով՝ Գրիգոր Մուրադյանն անդրադարձավ նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե որքան որ ինքն է տեղյակ, կան դատավորներ, որոնք կօգտվեն վաղ կենսաթոշակի գնալու առաջարկից: Մեր հարցին, թե ի՞նչ կարող է սա նշանակել՝ գործա՞րք, պայմանավորվածությո՞ւն, ՍԴ նախագահի խորհրդականն ասաց, որ տպավորություն է, որ այս քաղաքական իշխանություններն իրենք իրենց դատավճիռն են կայացնում:
«Մայիսի 20-ին արդեն դա արեցին, հիմա յուրաքանչյուր հաջորդ քայլով դատարանների առնչությամբ վատթարացնում են իրենց վիճակն օրենքի առաջ, և սա ոչ թե՝ քաղաքական, այլ՝ զուտ իրավական տեսանկյունից: Եթե օրենքի ընդունումից առաջ դեռևս նման հայտարարություն է արվում, հարց է ծագում. սա գործա՞րք է, քաղաքական կոռուպցիայի դրսևորո՞ւմ է, որոշ դատավորներ ազդակնե՞ր են հղել քաղաքական իշխանությանը, որ մենք պատրաստ ենք գնալ վաղ կենսաթոշակի, և Ալեն Սիմոնյանը դա բարձրաձայնո՞ւմ է: Թե՞ ընդամենն անիմաստ հայտարարություն է: Եթե երկրորդն է, ուրեմն թող գնահատականը տա մեր ժողովուրդը, այդ թվում՝ հաջորդ ընտրությունների ժամանակ: Եթե առաջինն է, թող ՀՔԾ-ն անհապաղ քրեական գործ հարուցի և զբաղվի այս հարցով»,-եզրափակեց Գրիգոր Մուրադյանը: