Վրաց-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել և վիրավորել Վրաստանի քաղաքացու
Մի քանի օր առաջ վրաց-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի սահմանապահները վիրավորել են Վրաստանի քաղաքացի հանդիսացող հովվի: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Կատարվածի վերաբերյալ շրջանառվում է մի քանի վարկած, որոնցից մեկի համաձայն՝ հովիվը վազել է դեպի չեզոք գոտի, որտեղ սահմանապահները կրակ են բացել նրա ուղղությամբ: Մեկ այլ վարկածի համաձայն՝ սահմանապահները նշան են բռնել շան ուղղությամբ, բայց պատահաբար վիրավորել են հովվին:
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ հովիվը վիրավորում է ստացել գլխի շրջանում:
Վիրավորը ներկայում բուժում է անցնում Գյանջայի (Գանձակ) հիվանդանոցում: Նրա ինքնությունն արդեն ճշտվել է. հովիվը 1993 թվականին ծնված Վրաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ռամին Բաշիրովն է:
Վիրավորին այցելել են Ադրբեջանում Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչները: Փաստի առնչությամբ հետաքննություն է ընթանում:
Աղբյուր՝ Tert.am