Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի: Նրան այսօր կտեղափոխեն հոգեբուժարան: «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրա պաշտպան Սեդրակ Մկրտչյանը հայտնել է, որ անմեղսունակությունը պարզելու համար նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն: Իսկ նախաքննական մարմինը պարզել է, որ մինչև ոստիկանին սպանելը նա հաշվառված է եղել հոգեբուժարաններից մեկում:
Հիշեցնենք՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները հոկտեմբերի 16-ի գիշերը հետապնդելով Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած, 2003 և 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակելով սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին: Իրավապահները պարզել են նաև, որ նախքան սպանությունը եղբայրները գողություն են կատարել գեղեցկության սրահից: Պարզվել է նաև, որ կրտսեր եղբայրը ցերեկը մուրացկանություն է արել, գիշերը՝ ավագ եղբոր հետ գողություն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: