Շատ լեն ու բոլ չեն ժամկետները. Կարեն Կարապետյանը Իգնատի Առաքելյանին
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գործադիրի հաստատմանն է ներկայացրել չորս հարց, որոնցից մեկը վերաբերվում էր պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցին հավանություն տալուն:
«Բազմաթիվ քննարկումներից շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ և ոլորտի բոլոր մասնակիցների հետ նոր ժամանակացույց սահմանվեց: Պետական գնումների սպանդանոցային ծագման մսի ձեռքբերումը 2017 թ. մայիսի մեկից...», - պարզաբանում էր նախարարը, երբ նրան ընդհատեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մայիսի՞», - հարցադրեց գործադիրի ղեկավարը, ինչին հաստատող պատասխան ստացավ:
«...մսամթերքի արտադրություն տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում՝ 2017 թ. նոյեմբերի մեկից: Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մսի արտահանում՝ 2017 թ. նոյեմբերի մեկից: Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում՝ 2018 թ. ապրիլի մեկից...», - շարունակեց նախարարն ամբողջությամբ ներկայացնել ժամանակացույցը:
«Ժամկետները դուք քննարկե՞լ եք բիզնեսի ներկայացուցիչների հետ, - նորից հարցադրեց վարչապետը և հավելեց, - շատ լեն ու բոլ չեն ժամկետները՞»:
Իգնատի Առաքելյանն ի պատասխան ասաց, որ առկա է օրենսդրական դաշտի փոփոխության հետ կապված խնդիր, պայմանավորված նոր Ազգային ժողովը ձևավորման հետ:
Zham.am