Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 7-ին հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին։
Ողջունելով դեսպանին՝ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության ամուր հիմքեր կան, որոնք կառուցվում են երկխոսությունների և երկկողմ հանդիպումների վրա։
Դեսպան Թիմուր Ուրազաևը, ներկայացնելով Ղազախստանի տնտեսական հնարավորությունները, նշել է, որ ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու նպատակով իրենց առաջնահերթություններից է ճանապարհաշինության և լոգիստիկայի ոլորտների զարգացումը, այդ համատեքստում՝ բեռնափոխադրումների դյուրացումը։
Նախարարն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվում է տրանսպորտի բոլոր տեսակներով փոխադրումների լիարժեք ազատականացում, ինչը կբերի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դյուրացման, սպասարկման որակի բարձրացման:
Անդրադառնալով երկու երկրների միջև ՏՏ ոլորտի զարգացման հնարավորություններին՝ նախարարն առաջարկել է կոնկրետ քայլեր ձեռնարկել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև կապի, հեռահաղորդակցության ոլորտներին առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն