Մանվել Գրիգորյանը չի զրկվել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
Այսօր կայացել է Արմավիր քաղաքի ավագանու արտահերթ նիստը: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը երեկ այդ առիթով ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել. «Բազմաթիվ արմավիրցիների նախաձեռնությամբ վաղն` Արմավիրի ավագանու արտահերթ նիստում, կքննարկվի Մանվել Գրիգորյանին «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչումից զրկելու հարցը»:
Այսօր` նիստի ժամանակ, արմավիրցիները ներկայացրել են հանրության այդ պահանջը, սակայն ավագանու անդամները փաստել են, որ օրենքին հակառակ որոշում չեն կարող ընդունել: Նրանք քաղաքացիներին խնդրել են` իրենց 10 օր ժամանակ տրամադրել, որպեսզի հարցը քննարկվի: Հարցն օրակարգում զետեղելը և որոշմանը կողմ կամ դեմ քվեարկելը, բացառապես ավագանու իրավասությունն է: Նշենք, որ հարցն ավագանու արտահերթ նիստի օրակարգում չի եղել, այլ այն բացառապես արմավիրցիների նախաձեռնությամբ է նիստին ներկայացվել: Արմավիրի քաղաքապետը չի բացառել, որ Մանվել Գրիգորյանին «Արմավիրի պատվավոր քաղաքացու» կոչումից զրկելու համար կգումարվի արտահերթ նիստ:

