Սահմանադրական հանրաքվեն չի որոշում ԼՂ կարգավիճակը. Շավարշ Քոչարյան
Նոր սահմանադրության հանրաքվեն չի որոշում Արցախի կարգավիճակը, այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Սահմանադրական հանրաքվեն չի որոշում ԼՂ կարգավիճակը: Արցախի կարգավիճակը որոշել է անկախության հանրաքվեն, իսկ Սահմանադրական հանրաքվեն դրա շարունակությունն է»,- նշել է փոխարտգործնախարարը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Մյունխենում հանդիպելուց հետո հայտարարություն էին տարածել: Համանախագահները հայտարարել էին, որ չեն ընդունում 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի արդունքները` որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող: Համանախագահները նաև ընդգծել էին, որ արդյունքները որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական կարգավորմանն ուղղված բանակցությունների ելքը:

