«Արցախ ՖԱ»-ն Երևանից տեղափոխվելու է Գորիս
Շվեցարահայ բարերարի ֆինանսական օժանդակությամբ, ՀՖՖ հետ համատեղ Գորիսում հիմնվում է ֆուտբոլի ակադեմիա` մինչև 300 երեխայի համար։ Այդ մասին գրում է Գորիսի համայնքապետարան-ը:
Երեկ աշխատանքային այցով Գորիսում էր «ՖԱ Արցախ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Սևան Ասլանյանը։ Աշխատանքային այցի շրջանակներում Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր` ուղղված Գորիսում ֆուտբոլի զարգացմանը, առաջիկա ծրագրերին։
Մարտի 1-ից մեկնարկում է ծրագրի առաջին փուլը` հիմնանորոգվում է Գորիսի ֆուտբոլի դաշտը, որից հետո, Սևան Ասլանյանի խոսքերով, «Արցախի» թիմը 2019-2020թթ ֆուտբոլային նոր շրջանի տնային խաղերը անց է կացնելու ոչ թե Երևանում, այլ` Գորիսում` հաշվի առնելով ֆուտբոլային ավանդույթները։
Նախատեսվում է նաև Եվրոպայից հրավիրել ակադեմիայի տեխնիկական տնօրեն, ով երեք տարի պայմանագրային ժամկետով կվերապատրաստի գորիսեցի մարզիչներին և կկրթի երեխաներին։
Երեկ շվեցարահայ բարերարի աջակցությամբ 90 երեխա ստացել են մարզական կոշիկներ, գնդակներ և ֆուտբոլային պարագաներ։ Տրվել է համագործակցության և համատեղ աշխատանքի մեկնարկը։ Գորիս համայնքի ղեկավարն իր հերթին ընդգծել է, որ Գորիսում սպորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները պետք է շոշափելի արդյունք ունենան և համայնքի կողմից ներդրվելու են հնարավոր ջանքերը մաքսիմալ առաջընթացի հասնելու համար։