«Իմ քայլը» ՀՀԿ-ին զոռով ներքաշում է ԱԺ». Սուրեն Սահակյան
«Իմ քայլը» դաշինքն արհեստականորեն, նախկին իշխանական ՀՀԿ-ի կշիռը բարձրացնելով, նրան խորհրդարան է բերում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեցին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները:
«Քարոզարշավը «սեւ-սպիտակի» մթնոլորտում է անցել: Լավ կլիներ, որ բանավեճը գաղափարական դաշտ տեղափոխվեր: ՀՀԿ-ն զոռով ներքաշվում է ԱԺ: Դա այն կառույցն է, որը դիակ էր: Դա անում է «Իմ քայլը» դաշինքը` Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակից, սեւ-սպիտակի գաղափարը հրապարակ նետելով: Երբ ֆավորիտը գործընթացներում ակնհայտորեն մեկ ուժի է անդրադառնում, նրա կշիռը բարձրանում է: Եթե դա գաղափարական լիներ, էլի ոչինչ, բայց ապագաղափարական է», - հայտարարեց կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը՝ հավելելով, որ մեդիահիշատակումների առումով ՀՀԿ-ի կշիռն արդեն իսկ բավական բարձր է, չնայած որ, լիդերը իշխող ուժն է.
«Օրվա կտրվածքով, երեկ չէ առաջին օրվա դրությամբ, 650 մեդիահիշատակում եղել է «Իմ քայլին», 500` ՀՀԿ-ին և մեծ ճեղքվածքով` 200-ից մի քիչ ավել կամ պակաս ԲՀԿ-ին»:
Zham.am