Դատավորը չի արձագանքել Քոչարյանին դեկտեմբերի 1-ին կալանավորելու վերաբերյալ հայտարարությանը. դատական նիստը նորից հետաձգվեց (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանում մեջբերել է դեկտեմբերի 1–ին Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարկումը։ Այսօր՝ նոյեմբերի 29–ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունից հետո, անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկատվությանը, Ալումյանն ասաց.
«Ես էլ այսօր բացեցի մամուլը, կարդացի տեղեկությունը և քանի որ դատավորին հարցեր ուղղելու իրավունք չունեի, դատարանում հանդես եկա այդ մասին հայտարարությամբ։ Հայտարարության վերջում ասացի, որ շատ կուզեի, որպեսզի դատավորը վերջում մեկնաբանություն անի իմ հայտարարության վերաբերյալ։ Բայց նա ոչինչ չասաց։ Ես նաև վկայակոչեցի, որ առայժմ երկու անգամ է նման հայտարարություն եղել, որոնք երկուսն էլ հաստատվել են»:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում:
***
ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանը կվերսկսի դեկտեմբերի 3-ին: