Զոհրաբ Մնացականյանը և Դավիթ Տոնոյանը պահպանելու են իրենց պորտֆելները. Նիկոլ Փաշինյան
«Այս պահին խորհրդարանական կառավարման ձևը փոխելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- նոյեմբերի 24-ին քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ իրական խորհրդարանական համակարգ պետք է ձևավորվի. «Լիազորությունների հավասարակշռում պետք է լինի խորհրդարանի և վարչապետի միջև, բայց դա պետք է անել այնպես, որ իշխանության կառուցվածքը չխարխլվի։ Սահմանադրության մեջ կան հոդվածներ, որոնք կարող են խորհրդարանի կողմից փոխվել, հոդվածներ կան, որ միայն հանրաքվեի միջոցով»։
Նա ասաց, որ այն, ինչ անհրաժեշտ կլինի՝ հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմներն ուժեղացնելու համար, իրենք կանեն. «Ծրագրում կոնկրետ դրույթ ամրագրված չի լինելու, հայեցակարգային մակարդակով է ամրագրված լինելու»։
Փաշինյանը հայտարարեց նաև, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պահպանելու են իրենց պորտֆելները։