Նախկինում հանցագործությունները թաքցնում էին.Վալերիյ Օսիպյան
Հայաստանի Հանրապետությունում կա հանցագործությունների աճ, սակայն դա համաներման հետ կապ չունի: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
Ոստիկանապետը մի քանի պատճառ է առանձնացնում՝
«Պատճառներից առաջինն այն է, որ ոստիկանության համակարգում իսպառ վերացել է «հանցագործությունը թաքցնելու» արատավոր երևույթը և երկրորդ՝ քաղաքացիների վստահությունը դեպի ոստիկանություն աճել է։
Բացի այդ, աճել են, օրինակ՝ տնտեսական հանցագործությունները, որոնք գիտենք՝ ինչ ֆոնի վրա են՝ նախկինում կատարված»,- ասաց ոստիկանապետը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ի՞նչ է նշանակում հայտարարությունը, որ նախկինում ոստիկանները թաքցնում էին հանցագործություններն ու արդյոք նախկին ոստիկանապետի կամ այլ բարձրաստիճան ոստիկանների ցուցումներով էր կատարվում, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց.
«Վլադիմիր Գասպարյանը նշանակման առաջին օրվանից միշտ պահանջել է, որ չթաքցնեն։ Հիմա օրինակ բերեմ, ասենք, բնակարանագողության հետ կապված. քաղաքացին գալիս էր հաղորդում տալու, ոստիկանները, որպեսզի դա չազդի իրենց ցուցանիշների վրա, համոզում էին քաղաքացուն, որ «դու գնա, դիմումը թող, ոչ պաշտոնական ընթացք կտանք»։
Zham.am