Ընդունել եմ ՀՀԿ ցուցակով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկը. Դավիթ Շահնազարյան
1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունները, որ ընդունել է առաջարկը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
«ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկն ստացել եմ այսօր և ընդունել այն: Իմ այս որոշման հիմքում խորը մտահոգություններն են` կապված Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող հարաճուն վտանգների հետ:
Գործող հեղափոխական վարչախումբը ոչ միայն եղած մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք քաղաքականություն չի վարել, այլև վեցամսյա իր գործունեությամբ ու անգործությամբ բազմապատկել է եղածները, ավելացրել նորերը:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` 1988-ից ի վեր երբեք սպառնալիքներն ու մարտահրավերներն այնքան վտանգավոր ընթացք չեն ունեցել, որքան ներկայում: Օրվա հրամայականը Հայաստանի ու Արցախի պետականությունների անվտանգությունը հեղափոխականության սպառնալիքներից պաշտպանելն է», նշել է Դ. Շահնազարյանը: