Ադրբեջանում սկսվել է գերեվարված Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը. Տեսանյութ
Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը:
Ադրբեջանական Turan գործակալության փոխանցմամբ, Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանում «ահաբեկչական փորձ իրականացնելու» մեջ։ Նշվում է, որ Ղազարյանը պատրաստվում էր ահաբեկչություն անել՝ «զենքի ու պայթուցիկի կիրառմամբ»։ Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ պնդումը։
Հիշեցնենք, որ երեկ Կարեն Ղազարյանի ընտանիքին Բերդավան գյուղում այցելել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը։ Նա Ղազարյանի ծնողներին տեղեկացրել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կարեն Ղազարյանի հարցով դիմել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով գլխավոր հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին:
Տեսանյութը՝ Civilnet.am-ի: