Պայմանավորվածությունն այդպիսին է, որ դեկտեմբերի 9-ին է տեղի ունենալու ընտրությունը. Նիկոլ Փաշինյան
Պայմանավորվածությունն այդպիսին է, որ դեկտեմբերի 9-ին է տեղի ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունն, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվեց Փաշինյանից, որ եթե նախագահն այսօր հրամանագիր ստորագրի խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին, ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին, թե՞՝ 10-ին, Փաշինյանը պատասխանեց. - «Նախագահը հրամանագիրը թող ստորագրի, հետո կտեսնենք, համենայն դեպս պայմանավորվածությունն այդպիսին է, որ ամսի 9-ին է լինելու ընտրությունը», - ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ նախագահի հրամանագիրն այսօր կլինի։
Ազգային ժողովում այսօր քննարկվում է վարչապետի ընտրության հարցը։
Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է: Եվ եթե խորհրդարանը 2-րդ անգամ էլ Փաշինյանին վարչապետ չընտրի, ապա խորհրդարանն այսօր իրավունքի ուժով կարձակվի և դեկյտեմբերին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Նշենք, որ օրերս խորհրդարանը տապալեց Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունները։ Նախագծի գլխավոր փոփոխությունը ռեյտինգային համակարգի մերժումն էր։ Դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հին օրենսգրքով։
Հարցին, թե ռեյտինգային ընտրակարգով ինքն առաջադրվելո՞ւ է թեկնածու, Փաշինյանը պատասխանեց. - «Ոչ, ոչ, ես համապետական թեկնածու եմ լինելու»։

