Սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության գործով Ստամբուլ է ժամանել Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ ալ Մուաջիբը Ստամբուլ է ժամանել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործի հետաքննության նպատակով, այս մասին հաղորդում է Tert.am -ը` հղում անելով Haberturk-ին:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր լրագրողն անհետացել էր Ստամբուլում երկրի հյուպատոսություն մուտք գործելուց հետո: Թուրքական ոստիկանությունը պնդում էր, որ լրագրողը սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքի ներսում: Մինչդեռ հյուպատոսարանից հայտնում էին, թե Խաշոգջին կորել է հյուպատոսության շենքից դուրս գալուց հետո:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հաստատել է, որ լրագրողը մահացել է, ըստ նրանց՝ դա տեղի է ունեցել հյուպատոսության ներսում ծագած վեճի հետևանքով:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունն անհնարին էր կազմակերպել առանց ԱՄՆ-ի աջակցության: Սպանության գործով ձերբակալվել է 18 մարդ: