Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել Թուրքիայում սպանված սաուդացի լրագրողի ընտանիքին
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը ցավակցություն է հայտնել սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշուկջիի ընտանիքին:
«Սա սարսափելի սխալ է, սարսափելի ողբերգություն, մեր ցավակցությունները: Մենք կիսում ենք նրանց ցավը, մենք կցանկանայինք, որ դա տեղի չունենար և կցանկանայինք, որ հնարավոր լիներ խուսափել դրանից: Ցավոք, մեծ ու վշտալի սխալ է տեղի ունեցել», - լրատվամիջոցների փոխանցամբ՝ ասել է սաուդացի նախարարը:
Խաշուկջին 2017 թվականից բնակվելիս է եղել ԱՄՆ-ում և աշխատել է Washington Post- ում, որպես թղթակից: Նա անհետացել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելուց հետո:
Նախօրեին Սաուդյան թագավորության իշխանությունները հանդես էին եկել հայտարարությամբ, ըստ որի լրագրողը մահացել է հյուպատոսության աշխատակիցների հետ ծագած վեճի պատճառով:
Այդ գործով 18 մարդ է ձերբակալվել: Թուրքական ոստիկանությունը շարունակում է լրագրողի մարմնի որոնումները: