Ադրբեջանում հերթական «հայ» լրտեսի՞ են ձերբակալել (լուսանկար)
Ադրբեջանի Պետական Անվտանգության Ծառայության և Սահմանապահ ծառայության համատեղ գործողությունների արդյունքում օտարերկրացի է բերման ենթարկվել, որը Ադրբեջանի քաղաքացիներին լրտեսական աշխատանքի մեջ էր ներգրավում: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ՊԱԾ մամուլի ծառայությունը:
Համաձայն տեղեկատվության, Բահրամ Հասանզադեն բերման է ենթարկվել ադրբեջանական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ: Նրա նկատմամբ երկու քրեական գործ է հարուցվել՝ լրտեսություն ու սահմանն ապօրինի հատելու հոդվածներով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կալանքն ընտրվել է որպես խափանման միջոց:
Պարզվել է, որ Բահրամ Հասանզադեն արտասահմանյան հատուկ ծառայությունների հանձնարարությամբ տեղեկատվություն էր հավաքագրում Ադրբեջանի զինծառայողների, ռազմավարական նշանակություն ունեցող ռազմական օբյեկտների, ռազմական տեխնիկայի, արտասահմանյան երկրների հետ ռազմական կապերի, ինչպես նաև Ադրբեջանի պետական անվտանգության և պաշտպանական ունակության մասին:
Հետաքննությունը շարունակվում է:
Zham.am