Ամերիկացի հոգևորականը պատմել է թուրքական բանտում անցկացրած օրերի մասին. Տեսանյութ
Ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնը պատմել է թուրքական բանտում անցկացրած օրերի մասին:
ABC հեռուստաալիքի եթերում հոգևորականը պատմել է, որ կալանավորման առաջին օրերին նա առանձին բանտախցում է եղել և մեկուսացած: Քահանան պատմել է, որ այդ օրերն ամենադժվարն էին, և նա անվերջ աղոթել է` հոգեկան հավասարակշռությունը միայն այդկերպ փրկելով:
Ավելի ուշ նրան տեղափոխել են 8 հոգանոց խուց, որտեղ 8-ի փոխարեն 20 հոգի են եղել:
«Ինձ ու կնոջս ձերբակալեցին մեր որդու ծննդյան օրը: Ավելի ուշ մեզ ասացին, որ ձերբակալվել ենք, քանի որ երկրի ազգային անվտանգության համար վտանգ ենք ներկայացնում: Մեզ թույլ չտվեցին հանդիպել ամերիկյան հյուպատոսության աշխատակիցների հետ: 13 օր շարունակ որևէ մեկի հետ հանդիպելու իրավունք չտրվեց: Իսկապես շոկի մեջ էինք, քանի որ 23 տարի ապրել ենք Թուրքիայում, պատմել մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին և երբևէ նման խնդրի առաջ չէինք կանգնել», - պատմել է Բրանսոնը: