Երևանում ՊՊԾ գնդի ծառայողները բերման են ենթարկել Պարույր Հայրիկյանի 31-ամյա տղային
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները սառը զենք կրելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին 31-ամյա Դավիթ Հայրիկյանն է, ով Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է և բնակվում է Երևանի Դավիթաշեն վարչական թաղամասում։ Նա բերման է ենթարկվել Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Հայրիկյանը Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի տղան է։
Հայտնաբերված դանակը հետաքննիչի կողմից առգրավվել է և նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, իսկ հայտնաբերված դանակն էլ իրենից վտանգ չի ներկայացնում, քանի որ նմանատիպ դանակների ազատ վաճառք կա հանրապետությունում։