Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկի փողոցն անվանափոխվել է Հրանտ Դինքի անունով
Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու կոչվող փողոցն անվանափոխվել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր, 2007 թվականին սպանված Հրանտ Դինքի անունով, գրում է «Ակօս»-ը:
Աղբյուրը նշում է, որ Ստամբուլի մի շարք վարչական շրջանների ղեկավարությունների կողմից փողոցների անվանափոխության վերաբերյալ առաջարկված նախագծի շրջանակում անվանափոխվել է շուրջ 90 փողոց:
Նախագիծը հաստատվել է քաղաքապետարանի խորհրդի անդամների մեծամասնության աջակցությամբ. կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունների անդամները:
Զանգվածային վերանվանումների նախագիծը ներկայացվել է այդ թվում նաև բազմաթիվ փողոցների՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող գյուլենական կրոնական համայնքի հետ ասոցացվելու պատճառով: