Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Աննա Հակոբյանի նախաձեռնության շրջանակներում ռուս կանանց Արցախ կատարելիք այցին
Ադրբեջանի դեսպանատունը Մոսկվայում խորհրդակցություններ կիրականացնի Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ՝ նպատակ ունենալով կանխել ռուս կանանց այցն Արցախ՝ Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը:
«Որպես կին և մայր՝ ես անձամբ հասկանում եմ Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության կոչը՝ ելնելով մարդասիրական սկզբունքներից: Այդ նախաձեռնության գլխավոր նպատակն իբրև երիտասարդ զինվորների, անմեղ մարդկանց մահը կանխելն է», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաևայի մեկնաբանությունում:
Աբդուլաևան ասել է. «Աննա Հակոբյանը ճիշտ չի ընտրել իր մարդասիրական առաքելության նպատակները, քանի որ դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին հայ կանանց կոչ անել դադարել իրենց որդիներին ուղարկել օկուպացված տարածքներ»: