Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ խոսել է Ռոբերտ Քոչարյանի գործի մասին
Մոսկվայում սեպտեմբերի 8-ին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները խոսել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբրի 9-ին Իջեւանում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք խոսել են Քոչարյանի մասին։ Փաշինյանը չի մանրամասնել, թե մասնավորապես ի՞նչ են քննարկել։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նրա խափանման միջոց կալանքը Վերաքննիչ դատարանը փոխեց՝ հիմք ընդունելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը: Ավելի ուշ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը: