Ամուլսար տանող ճանապարհները փակած մարդիկ քարերով հարձակվել են «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների վրա (Տեսանյութ)
Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են և Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։
Այս մասին հայտնեց «Լիդիան Արմենայի» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը:
«Օգոստոսի 27-ին Ամուլսարի ծրագիր տանող ճանապարհները փակած մարդիկ հարձակվել են ծրագրի մուտքերից մեկի մոտ հավաքված «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ու կողմնակիցների վրա, քարերով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել, մարդկանց պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս ամենը կատարվել է ոստիկանության ծառայողների ներկայությամբ»,-ասաց Մելքումյանը:
Իրավաբանը շեշտեց նաև, որ ցուցարարներին ոգևորել է Ամուլսարի ծրագիրն ուսումնասիրող տեսչական խմբի հայտարարությունը:
«Այս կապակցությամբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է իր հիասթափությունը: Ընկերությունը վստահ է Ամուլսարի բնապահպանական կառավարման լավագույն չափանիշներին համապատասխանության վրա»,-նշեց Մելքումյանը: Նա հավելեց, որ ընկերությունը տեսչական խմբի հայտարարություններին արձագանքելու է բողոքարկմամբ և դատական կարգով:
Մանրամասները՝ Yerkir Media-ի տեսանյութերում: