Ստուգվել է Ս. Ալեքսանյանի կողմից շաքարավազի հումքի անվան տակ պատրաստի ապրանք ներկրելը
Սուպերմարկետներում ստուգումները շարունակվում են: Կառավարության նիստից հետո «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հարցին ի պատասխան ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, երբ հետաքրքրվեցինք, թե միայն «Երեւան Սիթին» էր պետությունից հարկեր թաքցնո՞ւմ, որ մյուսների մասով բացահայտում չի լինում:
Մեր մյուս հարցին՝ սուպերմարկետներում գյուղմթերքի իրացումը շարունակվու՞մ է նախկին մեթոդաբանությամբ՝ Ա/Ձ-ներով, Անանյանը հերքեց:
ՀԺ-ն ՊԵԿ նախագահից հետաքրքրվեց՝ թե արդյո՞ք ստուգել են այն տեղեկությունը, որ Սամվել Ալեքսանյանը շաքարավազի հումքի անվան տակ պատրաստի շաքարավազ է ներկրում եւ բարձր գնով վաճառում:
«Այդ տեղեկությունները ստուգվել է եւ վերջին մեկ տարվա կտրվածքով նման դեպք չի եղել»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ մյուս տարիների գործարքները վերաստուգելու անհրաժեշտություն չկա՞, Անանյանը նշեց, որ օրենքը թույլ չի տալիս: