Հավանություն ենք տալու տրամաբանական, նոր աշխատատեղեր ստեղծող ծրագրերին. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Սյունիքի և ՀՀ Լոռու մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:
Սյունիքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին գյուղտեխնիկայի մատակարարման բազայի ձևավորմանը, սառնարանային տնտեսությունների հիմնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը և այլն:
Լոռու մարզից ներկայացվել էին հացի արտադրությանը, ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը, թղթե տոպրակների արտադրությանը, գյուղմթերքի վերամշակմանը վերաբերող ծրագրեր:
Վարչապետը նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունները պետք է ակտիվ համագործակցեն մարզերի գործարարների հետ, որպեսզի կառավարությունում քննարկման ներկայացվեն բոլոր համապատասխան կառույցների կողմից նախապես գնահատված և տնտեսապես հաշվարկված ծրագրեր:
«Հավանություն ենք տալու տրամաբանական, նոր աշխատատեղեր ստեղծող ծրագրերին ու լավ գաղափարներին»,- ասել է վարչապետը: