Կառավարության ծրագիր. ԱԺ արտահերթ ընտրությունները՝ առավելագույնը 1 տարում
ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է կառավարության ծրագիրը, որը պետք է ներկայացվի հունիսի 7-ին ԱԺ հատուկ նիստում: Նշենք, որ փաստաթղթում խոսվում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին: Նշվում է, որ այն պետք է անցկացվի մեկ տարվա ընթացքում: Փաստաթղթում որեւէ թվային ցուցանիշ չկա:
Ստորեւ ներկայացնում ենք ծրագիրն ամբողջությամբ.
- ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ
ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային եւ ազգային հարաբերությունների հիմք եւ հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն:
Այս իմաստով առանցքային նշանակություն ունեն․
- Իշխանության ձեւավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով:
- Իրավունքի գերակայության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը եւ քաղաքացիական համերաշխությունը:
- Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը:
- Կոռուպցիայի հանրային մերժումը եւ կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության եւ բիզնեսի գործնական տարանջատումը:
- Մարդու իրավունքների պաշտպանվածությունը եւ մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
- Արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որեւէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը:
- Տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը:
- Հանրության կրթական եւ սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը:
- Բռնությունից զերծ հանրության հաստատումը եւ բռնության հանրային մերժումը։
- Շրջակա միջավայրի պահպանությունը եւ բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը:
- ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ դարձավ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները եւ ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։
Կառավարությունը արձանագրում է նաեւ, որ Հայաստանում կառավարման եւ վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր եւ կործանարար պրակտիկային։
Այս առումով կառավարությունը կարեւորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու եւ ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքեր արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այդ փոփոխություններով անհրաժեշտ է․
- Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից եւ անցնել լիարժեք համամասնական համակարգի,
- Ձեւավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով,
- Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա եւ ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով,
- Օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար եւ վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող ժամերին,
- Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների եւ օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների եւ ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում,
- Իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող այլ փոփոխություններ։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում։
- ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ
Հայաստանի արտաքին եւ ներքին անվտանգության ապահովման կարեւորագույն նախապայմանը իրավունքի եւ օրենքի վրա հիմնված ազգային միասնության մթնոլորտն է, ժողովրդի վստահությունը վայելող կառավարության գոյությունը։
Նման պայմանների առկայությունը հնարավորություն է տալիս ազգային լավագույն ներուժը համախմբել Զինված ուժերի արդիականացման ու մարտունակության բարձրացման, սահմանների պաշտպանության, ներքին անվտանգության ապահովման եւ արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացման համար։ Հենց այդ մթնոլորտն է, որ կարող է ապահովել հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության գործում բոլորի ներգրավվածության անհրաժեշտության համընդհանուր գիտակցումը եւ քաղաքացի-բանակ իրական եւ արդյունավետ կապը։ Զուգահեռաբար այդ մթնոլորտն է, որ կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել նաեւ քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, իրավապահ մարմինների նկատմամբ վստահության ձեւավորման, քաղաքացի-իրավապահ մարմիններ անհրաժեշտ համագործակցության համար։
- Զինված ուժեր
Զինված ուժերի մարտունակության եւ արդյունավետության բարձրացման կարեւորագույն միջոցը բանակաշինության եւ զինվորական ծառայության շուրջ հաստատված մթնոլորտի ու մոտեցումների արմատական փոփոխությունն է։
Ամբողջ պետական համակարգում, առավել եւս բանակում, արհեստավարժ անձնակազմի եւ զորակոչիկների շրջանում անհրաժեշտ է պարտականության զգացողությունը փոխարինել առաքելության զգացողությամբ։ Յուրաքանչյուր սպա, ենթասպա եւ շարքային պետք է առաջնորդվի պետության եւ ժողովրդի առաջ ունեցած պատմական առաքելության գիտակցումով։ Զինված ուժերի յուրաքանչյուր հրամանատար եւ պաշտոնյա պետք է առաջնորդվի այդ առաքելությունը լավագույնս իրականացնելու նպատակով հասարակության եւ պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական եւ այլ ռեսուրսները պետության եւ հասարակության անվտանգության ապահովմանը առավելագույն արդյունավետությամբ ծառայեցնելու գիտակցումով։ Յուրաքանչյուր հրամանատար պետք է գիտակցի ծնողների կողմից իրեն վստահված զորակոչիկների կյանքի եւ անվտանգության ապահովման բարձր պատասխանատվությունը։ Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի, որ հասարակության կողմից Զինված ուժերին հատկացված նյութատեխնիկական եւ ֆինանսական ռեսուրսները քաղաքացիների՝ սեփական սոցիալական, կրթական, առողջապահական եւ մյուս ոլորտներից խնայված եւ անվտանգության ապահովման առաջնահերթությունից ելնելով իրեն տրամադրված ռեսուրսներ են։ Եվ այս գիտակցության տարածումը կառավարությունը պետք է ապահովի սեփական գործունեության օրինակով։
Զինված Ուժերը պետք է գործնականում զերծ մնան քաղաքական եւ ընտրական գործընթացների վրա որեւէ հնարավոր ապօրինի ազդեցությունից: Զինված ուժերի անձնակազմը՝ շարքայինից մինչեւ գեներալ, պետք է հնարավորություն ունենա որպես Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացի ընտրություններում իր կամքը արտահայտել առանց ապօրինի ներգործությունների։
Քաղաքական նոր իրողություններից ելնելով՝ անհրաժեշտ է ճշգրտել ՀՀ Զինված ուժերի զարգացման պլանը եւ Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը՝ հաշվի առնելով Զինված ուժերի մարտունակության բարձրացման գերակայությունը եւ ուշադրություն դարձնելով առաջնահերթ լուծում պահանջող հետեւյալ խնդիրներին․
- Անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով եւ նյութատեխնիկական միջոցներով համալրվածությամբ, ռազմական կառավարման արդիական համակարգերի ներդրմամբ, ինչպես նաեւ անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանմամբ ՀՀ Զինված ուժերի մարտունակության մակարդակը բարձրացնել այնպես, որ այն համապատասխանեցվի ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսվող) մակարդակին եւ հավանական պատերազմի բնույթին՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ զինված ոտնձգությունը զսպելու եւ կանխելու, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական գործողությունները հնարավորինս վաղ փուլում եւ ՀՀ համար շահավետ պայմաններով դադարեցնելու նպատակով:
- Առաջնագիծը շարունակաբար համալրել արդիական տեխնիկական միջոցներով եւ մարտական հերթապահության արդյունավետությունն ու անվտանգությունը բարձրացնել այնպես, որ հակառակորդի կողմից դիտարկվող հատվածները հասնեն նվազագույնի, իսկ հերթապահությունում ընդգրկված անձնակազմի անվտանգության աստիճանը՝ առավելագույնի։
- Անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակը եւ արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ էականորեն բարձրանա Զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը, կարգապահությունը, ապահովվի Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը, նվազագույնի հասնեն ոչ կանոնագրային հարաբերությունները, դրանց հետեւանքով զինծառայողների արժանապատվության խոցումը, ինքնավնասման եւ ինքնասպանության (ինքնասպանության փորձերի) դեպքերը։
Այս նպատակի իրագործման համար կարեւորագույն խնդիր է նաեւ ժամկետային զինծառայողների կրթության շարունակականության ապահովումը զինվորական ծառայության ողջ ընթացքում։ Զինվորի կրթական ցենզի բարձրացումը եւ ինտելեկտուալ մակարդակի աճը պետք է լինի Զինված ուժերի զարգացման ռազմավարության կարեւորագույն ուղղություն։
- Ժամկետային զինծառայողների պատշաճ եւ ամբողջական նյութական բավարարումը կազմակերպել այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողները ստիպված չլինեն շոշափելի մասնակցություն ունենալ այդ գործընթացին։ Շարքային կազմի իրավունքների պաշտպանությունը, թիկունքային, նյութատեխնիկական եւ բժշկական ապահովումը պետք է լինի Զինված ուժերի ղեկավարության հոգածության ու ուշադրության առարկա եւ մնան հասարակության վերահսկողության ուշադրության կենտրոնում:
- Բարձրացնել զինծառայողների սոցիալական պաշտպանվածության մակարդակը, իրականացնել բնակարանային եւ բժշկական ապահովման եւ այլ ծրագրեր ՝ պետական եկամուտների աճի ծավալներին զուգընթաց։ Զինված ուժերի կարեւորագույն խնդիրներից է նաեւ բանակի ապաքաղաքականացման եւ չեզոքության պահպանման սահմանադրական պահանջի իրագործումը։
- Միջազգային ինտեգրման եւ հավաքական անվտանգության գործող ընթացակարգերի հնարավորություններն ընդլայնելու նպատակով զարգացնել ռազմաքաղաքական դաշինքներն ու գործընկերությունները՝ պահպանելով ՀՀ ազգային շահերից բխող եւ առկա ռազմաքաղաքական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձեւավորման հավասարակշռությունը:
- Արտաքին քաղաքականություն
Կառավարության վարած արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունն է, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացումը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատումը, միջազգային ու տարածաշրջանային գործընթացներին Հայաստանի ներգրավվածության ավելացումը, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում Հայաստանի կայուն զարգացմանը եւ տնտեսության արդիականացմանը, նոր շուկաների ձեռքբերմանը եւ դեպի Հայաստան եւ Արցախ ներդրումային ծրագրերին նախաձեռնմանը միտված ակտիվ գործունեությունը։
Արտաքին քաղաքականություն իրականացնելիս կառավարությունն առաջնորդվելու է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հավաքական շահերով։
Արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը ջանքեր է գործադրելու՝
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ․ գործընթաց, որի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես` ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:
Կառավարությունը համոզված է, սակայն, բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով էական նշանակություն ունի խաղաղության հաստատման համար համապատասխան մթնոլորտի առկայությունը եւ կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը։
Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղ հանգուցալուծման գործընթացում:
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ․ կառավարությունը համոզված է, որ միայն ոճիրի ճանաչման միջոցով է հնարավոր կանխարգելել նման հանցագործությունները։ Մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ։
- Եվրասիական տնտեսական միությանը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։
- Ռուսաստանի Դաշնության հետ ամենատարբեր բնագավառներում ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարեւոր բաղկացուցիչ։
- ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում բարեկամական գործընկերությանը զարկ տալու ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու ուղղությամբ։
- ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման եւ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ուղղությամբ։ Եվրոպական երկրների հետ համագործակցության խորացումը կառավարության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է։
- Իրանի եւ Վրաստանի հետ այնպիսի առանձնահատուկ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հատուկ են ամենատարբեր ոլորտներում սերտորեն համագործակցող անմիջական հարեւաններին եւ որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհքաղաքական ազդեցություններից։ Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ։
- Ընդլայնելու փոխգործակցությունը Մերձավոր Արեւելքի գործընկեր երկրների հետ:
- Զարգացնելու համագործակցությունը Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Օվկիանիայի պետությունների հետ:
Բազմակողմ հարթակներում կառավարությունը կարեւորում է՝
- ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում եւ միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը եւ ՀՀ շահերի պաշտպանությունը,
- ԱՊՀ շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությունը, այդ թվում ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը,
- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավվածության խորացումը, 2018 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ կազմակերպումը, 2018-2020 թթ. ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության բարձր մակարդակով իրականացումը,
- ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետեւողական իրականացումը,
Արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը կարեւորում է նաեւ օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանության, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին աջակցության ցուցաբերման, Հայաստանի զագացման համար բարենպաստ միջազգային հանրային կարծիքի ձեւավորման ուղղությամբ:
- Ներքին անվտանգություն
Ներքին անվտանգության ապահովման գործում կարեւորագույն հայեցակարգային խնդիրը քաղաքացի-իրավապահ մարմիններ համագործակցության նոր մշակույթի ձեւավորումն է։
Այս իմաստով անհրաժեշտ է լուծել հետեւյալ խնդիրները․
- բարձրացնել իրավապահ համակարգի՝ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի վստահելիության մակարդակը՝ այս համակարգերում կոռուպցիայի բացառման, քաղաքացիների հետ նրանց հարաբերվելու մշակույթի բարձրացման, ինչպես նաեւ քաղաքացիներին տուգանելու եւ հետապնդելու նպատակադրման բացառման միջոցով,
- հանրության եւ հատկապես երիտասարդության շրջանակներից հետեւողականորեն արմատախիլ անել այսպես կոչված գողական, քրեածին մտածելակերպի մնացուկները․ կառավարությունը հստակ խնդիր է առաջադրում, որ ոչ հրապարակային, այսպես ասած ստվերային հանրային կյանքում գերիշխող տեսակը պետք է լինի ոչ թե քրեածին տարրը, այլ օրինապաշտ, ինտելեկտուալ, ուրիշների նկատմամբ հարգալից վերաբերմունք ունեցող, սեփական եւ ուրիշների իրավունքները իմացող եւ հարգող Քաղաքացին, ով ճանաչում է հանրային անվտանգության ապահովման հարցում իր պարտականությունները եւ պատրաստ է համագործակցել իրավապահ մարմինների հետ։
Հանրային անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունի բռնությունից զերծ հանրության հայեցակարգը։ Կառավարությունը մտադիր է միջոցներ ձեռնարկել ընտանեկան, քաղաքական, տնտեսական, հանրային հարցերում բռնության բացառման շուրջ հանրային համաձայնության հասնելու ուղղությամբ։
Սա այն ճանապարհն է, որը հնարավորություն կտա հասնել ներքին անվտանգության եւ հանրային համերաշխության անհամեմատ ավելի բարձր աստիճանի եւ թույլ կտա քաղաքական գործունեության հետ առնչվող գործերով բանտերում հայտնված գործիչներին ազատ արձակել եւ հասնել հանրային համերաշխության առավել բարձր մակարդակի։
Այս համաձայնությունը, սակայն չի կարող մեկնաբանվել որպես հանրային եւ ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառման բացառում։
Ներքին անվտանգության ապահովման իմաստով կառավարությունը կարեւորում է նաեւ իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ հանրային վերահսկողությունը։ Այս իմաստով հարկավոր է միջնաժամկետ հեռանկարում քննարկել ՀՀ ոստիկանության կարգավիճակի փոփոխության հարցը, նրա գործունեությունը ավելի լայն հանրային եւ խորհրդարանական վերահսկողության տակ դնելու համար։
- Պայքար կոռուպցիայի եվ կաշառակերության դեմ
Կառավարությունը համոզված է, որ մեր հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երեւույթներից մեկը կոռուպցիան է, հետեւաբար կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է, եւ այս պայքարում կառավարությունը լինելու է վճռական, հաստատակամ, անզիջում եւ անհանդուրժող։
Այդ պայքարի արդյունավետության համար անհրաժեշտ է երաշխավորել փոխզսպումների եւ հակակշիռների սկզբունքի կիրարկումը, իրապես գործարկել գործող օրենսդրական կարգավորումները եւ մարմինները, ինչպես նաեւ ներդնել նոր գործիքակազմ։ Այս առումով էական նշանակություն կարող է ունենալ մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը ոչ միայն հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, վերահսկողություն եւ ուսումնասիրություններ, այլեւ օժտված կլինի օպերատիվ-հետախուզական, հետաքննական եւ նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։ Ստեղծվելիք մարմնին կվերապահվի կոռուպցիոն իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը:
4.1. Հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի եւ եկամուտների թափանցիկություն
Կոռուպցիայի աճի կամ կանխարգելման առաջնային պայմաններից մեկն ակնհայտորեն պետության առաջին դեմքերի, գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների ներգրավվածությունն է կոռուպցիոն համակարգի մեջ կամ համապատասխանաբար, նրանց կողմից կոռուպցիոն համակարգերի մերժումը։ Ըստ այդմ, իշխանական վերնախավի չներգրավվածությունը կոռուպցիոն համակարգերի մեջ գործնականում երաշխավորում է կոռուպցիոն համակարգի պարտությունը, եւ կառավարությունը վճռական է այսպիսի պայմաններ ապահովելու գործում։
Այսպիսով, կոռուպցիայի կանխարգելման գործում կարեւորագույն նշանակություն ունի իրական հանրային վերահսկողությունը պետության առաջին դեմքերի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հանրային ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, նրանց ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների գործունեության եւ ունեցվածքի նկատմամբ։ Նրանց կոռուպցիոն ներգրավվածությունը բացառելու համար անհրաժեշտ է նաեւ իրականացնել որոշակի օրենսդրական նորամուծություններ, որոնցից առանձնապես կարեւորվում են՝
- այնպիսի նոր համակարգ ներդնելու հնարավորության դիտարկումը, համաձայն որի ՀՀ պետական պաշտոնի հավակնող եւ նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին՝ աշխարհի ցանկացած բանկում եւ ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել եւ ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի եւ մնացորդի, ինչպես նաեւ իրենց անունով շարժական, անշարժ գույքի եւ արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպիտի կարողանան լինել բարձրաստիճան պաշտոնյա:
- այնպիսի նոր համակարգի ներդրումը, ըստ որի պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում բարձրաստիճան պաշտոնյայի եւ նրա հետ փոխկապակցված անձանց այն գույքի, դրամական միջոցների, բաժնեմասերի եւ բաժնետոմսերի ծագումնաբանությունը, որի գինը ձեռքբերելու պահին գերազանցում է այդ անձանց վերջին հինգ տարվա համատեղ աշխատավարձի 10-ապատիկը, պետք է ենթարկվի խորը եւ համապարփակ քննության։
- պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնումը (նվիրատուների անունները/անվանումները, եկամուտ վճարողների անունները/անվանումները, գույքի գտնվելու վայրը եւ այլն)՝ ապահովելով կոռուպցիայի կանխարգելման եւ բացահայտման արդյունավետությունը:
4.2. Հանրային կառավարման, ֆինանսների եւ գնումների թափանցիկություն
Հանրային կառավարման թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման նպատակով կարեւորվում է կառավարման այնպիսի էլեկտրոնային համակարգերի ներդրումը եւ աստիճանական ինտեգրացիան, որոնք կապահովեն պաշտոնյաների գործունեության, ինչպես նաեւ կառավարման մարմինների, օղակների եւ գործընթացների թափանցիկություն, տվյալների անփոփոխելիություն, միասնականություն եւ ավտոմատացում։
Կառավարությունը նպատակ է դնում աստիճանաբար վերանայել պետական կամ համայնքային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներ ունենալու քաղաքականությունը՝ ապահովելով սահմանված դեպքերում առաջացող/հավաքագրվող դրամական միջոցների մուտքը համապատասխան բյուջե եւ հետագայում՝ ըստ անհրաժեշտության այդ գումարների բաշխումը այդ բյուջեներից:
Կառավարությունը նաեւ մտադիր է դիտարկել գնումների կամ բյուջետային այլ ծախսերի անարդյունավետության դեպքում պետությանը պատճառված վնասի հիմքով իրավական հետեւանքների կիրառման եւ դրանք պետական բյուջե հետ վերադարձնելու մեխանիզմների ստեղծման հնարավորությունը։
4.3. Իրավաբանական անձանց գործունեության թափանցիկություն
Կոռուպցիայի դեմ պայքարի կարեւոր գործիքներից մեկը կարող է լինել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտումը եւ նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր եւ հանրամատչելի հարթակի ներդրումը։ Կառավարությունը մտադիր է մշակել այդ հարթակի ներդրման ճանապարհային քարտեզ։
Անհրաժեշտ է նաեւ վերանայել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց՝ միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների՝ հանրությանը հասանելի դարձնելու մեխանիզմները՝ վերացնելով օրենքով նախատեսված պետական տուրք վճարելու պայմանը եւ ապահովելով հանրային շահերին վերաբերող հարցերի շուրջ հավաստի եւ ամբողջական տեղեկատվության ազատությունը։
Մինչ նոր համակարգերի ներդրումը կառավարությունը Հայաստանի օրենսդրության ընձեռած հնարավորությունների սահմաններում անզիջում պայքար կմղի կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ, այս ընթացքում ակնկալելով լայն հանրային աջակցություն եւ համագործակցություն իրավապահ մարմինների հետ։ Կոռուպցիան եւ կաշառակերությունը պետք է արժանան լայն հանրային արգահատանքի։ Ոչ թափանցիկ աղբյուրներից գույք ձեռքբերած պաշտոնյաները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատժին զուգահեռ, պետք է արժանան հանրային արհամարհանքի եւ դատապարտման:
- Ազատ, արժանապատիվ եվ երջանիկ քաղաքացի
Պետության եւ կառավարության գործունեության գործնական նշանակությունը պետք է լինի մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը եւ ազատությունների ապահովումը, նրանց կյանքն առավել հարմարավետ դարձնելը, մարդու երջանկության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը։
Քաղաքացու երջանկության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է ապահովել նրա ներգրավվածությունը հանրային կյանքին՝ աշխատանքային, տեղական ինքնակառավարման եւ համապետական մակարդակում։ Քաղաքացին պետք է համոզված լինի, որ ինքը հանրային կյանքի վրա ազդելու կոնկրետ եւ գործուն հնարավորություն ունի, եւ այդ հնարավորությունը առաջին հերթին պետք է ապահովվի իշխանության ձեւավորման համակարգի նկատմամբ բարձր վստահությամբ։
Քաղաքացին պետք է գիտակցի նաեւ քաղաքացիական վերահսկողության իր գործառույթը, ընդ որում՝ նա պետք է հնարավորություն ունենա օրենքով չարգելված միջոցներով վերահսկողություն իրականացնել ոչ միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ, այլեւ ուղղակի մասնակցություն ունենալ հանրային հարաբերությունների մշակույթի զարգացմանն ու հղկմանը։ Լայնորեն տարածված հակամարտության, հարկադրանքի, ուժի դիրքերից հարաբերվելու մշակույթը պետք է փոխարինվի հանրային եւ համայնքային խնդիրները ուժերի մեկտեղման եւ համագործակցության եղանակով լուծելու մշակույթով։
5.1 Օրենքի առջեւ բոլորի հավասարություն, արդարադատություն եւ մարդու իրավունքների պաշտպանություն
Հայաստանի զարգացմանը եւ արժանապատիվ ու երջանիկ քաղաքացի ունենալուն երկար տարիներ խոչընդոտող կարեւորագույն գործոններից մեկը արդարության բացակայությունն էր, ինչն արտահայտվում էր ամենատարբեր ոլորտներում արտոնյալ խավերի, խմբերի եւ անհատների գոյությամբ, օրենքի եւ այլոց իրավունքների նկատմամբ նրանց ամենաթողությամբ եւ անպատժելիությամբ։
Օրենքի առջեւ բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու համար Հայաստանում չկար եւ չկա որեւէ օրենսդրական խոչընդտոտ։ Խնդրի լուծումը երաշխավորող միակ գործոնը կառավարության քաղաքական կամքն է։ Կառավարությունը, վայելելով Հայաստանի քաղաքացիների ակնհայտ մեծամասնության վստահությունը եւ հանդես գալով նրանց անունից, հաստատում է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու գործում իր վճռականությունը եւ խնդիրը լուծելու իր կարողությունը։
Արդարության զգացումի եւ օրենքի առջեւ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու կարեւորագույն նախապայմանը անկախ դատական համակարգի գոյությունն է։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դատական համակարգի անկախության հիմնական խոչընտդոտը եղել են իշխանության օղակներից դատարաններից իջեցվող ապօրինի հրահանգները։ Հրահանգավորման այս մեխանիզմը դատավորներին հնարավորություն է տվել պատասխանատվություն չկրել դատական վճիռների համար, որովհետեւ այդ վճիռներն, ըստ էության, կայացվել են իշխանության ամենավերին օղակներում, իսկ դատավորները փաստացի միայն ստորագրել են դրանք։ Կառավարությունը բացառում է իշխանական կամ որեւէ այլ օղակներից դատավորների գործունեությանն ապօրինի միջամտելու գործելակերպը։ Սրան զուգահեռ, կառավարությունը պետք է կարողանա նաեւ բացառել դատավորների կողմից անձնական նյութական շահագրգռվածությամբ՝ կաշառքով առաջնորդվելու հնարավորությունը։ Կառավարությունը համոզված է, որ այս երկու հիմնական, ինչպես նաեւ դատարանների անկախությանը նպաստող այլ պայմանների ապահովումը բնականորեն կհանգեցնեն դատական անկախ համակարգի գոյությանը եւ իշխանության ճյուղերի իրական տարանջատմանը։
Դատական եւ իրավապահ համակարգի գործունեության բարձր որակի պոտենցիալ արդյունքը նաեւ հանցավորության ցածր մակարդակն է, ինչը եւս էական նշանակություն ունի մարդու անվտանգության եւ երջանկության զգացումի համար։
Մարդու իրավունքների ոլորտի կարեւորագույն խնդիր է մարդու ազատության սահմանափակման օրենսդրական հնարավորությունների կամայական կիրառումը։ Կառավարությունը պետք է քաջալերի ազատության զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառումը։ Բացի այդ, պետք է բացառել այն իրավիճակը, երբ կալանքի ենթարկված որեւէ անձ քրեակատարողական հիմնարկում չունի օրենքով նախատեսված քնելատեղ։ Կալանավորված եւ ազատազրկված անձանց թիվը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանների լիարժեք ապահովման հնարավորությունների հետ։
Քաղաքացիների արժանապատվությունը եւ իրավունքները պետք է հարգանքի արժանանան եւ պաշտպանված լինեն նաեւ կյանքի մյուս ոլորտներում։
Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի պետական հիմնարկներում եւ մասնավոր ընկերություններում քաղաքացիների սպասարկման մակարդակը էականորեն եւ շարունակաբար բարձրացնելու ուղղությամբ։ Պետական հիմնարկների եւ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների եւ քաղաքացիների շփման մշակույթը էականորեն պետք է բարելավվի։ Միմյանց նկատմամբ հարգալից լինելու, հերթ կանգնելու մշակույթը պետք է արմատավորվի հետեւողական քաղաքականության արդյունքում։
5.2 Աղքատության հաղթահարում, սոցիալական աջակցություն
Արժանապատվության եւ երջանկության զգացողության մեջ առաջնային նշանակություն ունի սոցիալական ապահովությունը։ Այս առումով կառավարության համար գերակա է լինելու բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների եւ աշխատավարձերի իրական աճը, բեւեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը։
Այս իմաստով կառավարությունը համոզված է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տնտեսական եւ ներդրումային դրական սպասումներ է առաջացրել։ Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները մեծ հավանականությամբ վեր են ածվելու ներդրումային հոսքի եւ կառավարությունը մտադիր է ներդրումները ուղղորդել դեպի մարզեր եւ քաջալերել առավել մեծ թվով նոր աշխատատեղեր ստեղծելուն միտված ներդրումները. անհրաժեշտ է կատարելագործել գոտիական հարկային քաղաքականությունը։ Կառավարությունն այս իմաստով շարունակում է հանդես գալ սեփականության եւ ներդրումների անձեռնմխելիության երաշխավորի դերում։
Այս պահին առկա սոցիալական վիճակում, սակայն, պետությունը պետք է հոգ տանի սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերի աջակցության մասին։ Այստեղ կառավարության նպատակը լինելու է սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող օգնության հասցեականությունը, արդարացիությունը եւ արդյունավետությունը, դիտարկվելու է ոլորտային սերտիֆիկատների համակարգի ներդրման նպատակահարմարությունը։ Էականորեն վերանայվելու են կենսաթոշակների սկզբունքները՝ այդ թվում դիտարկելով կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակահարմարությունը։
Կառավարությունը ծնելիության խրախուսման եւ բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացմանն համար իրականացնելու է արագ եւ արդյունավետ միջոցառումների իրականացում, մասնավորապես ավելանալու են երեխայի ծննդյան նպաստները, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող արտոնությունները եւ օժանդակությունները:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակության բոլոր ոլորտներում մատչելի պայմանների ստեղծումը, իրավունքների պաշտպանության առարկայական ապահովումը, «Ընտանիքից դուրս» գտնվող երեխաներին հասարակության լիարժեք ինտեգրումը, երեխաների հետագա կյանքի կազմակերպմանն ուղղված քայլերը լինելու են կառավարության առաջնահերթություններից:
2018թ լրանում է 1988թ երկրաշարժի 30-րդ տարելիցը, եւ մինչեւ այժմ մի քանի հազար ընտանիքների տնակներում բնակվելը մեր ամոթալի իրողություններից է: Կառավարությունը սկսելու է ծրագիր՝ պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շնորհիվ առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովելով երկրաշարժի հետեւանքով բնակարանային կարիք ունեցող ընտանիքներին:
5.3 Առողջապահություն
Քաղաքացու երջանկության հնարավորության ապահովման կարեւորագույն գործոններից մեկը առողջապահական ծառայությունների բարձր որակը, հասանելիությունը եւ մատչելիությունն է, եւ դա ապահովելը կառավարության առաջնահերթություններից է։ Անհրաժեշտ է հետեւողականորեն շարունակել բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրումը, որը կապահովի բժշկական օգնության եւ բժշկական սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ եւ ժամանակին սպասարկումը՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից եւ սոցիալական կարգավիճակից: Կառավարությունը պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի եւ որոշակի խմբերի ապահովագրական ծախսերը:
Առողջապահական քաղաքականության անկյունաքարային ուղղությունը, այսուհանդերձ, պետք է դառնա հիվանությունների կանխարգելմանն ուղղված քաղաքականությունը։
Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մոր եւ մանկան առողջության պահպանման, վերարտադրողական առողջության բարելավման, վաղ մանկության շրջանի եւ դեռահասության առողջապահական խնդիրները:
Կառավարության համար կարեւոր է լինելու բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների եւ պատրաստվածության բարձրացման ու զարգացման խնդիրը, առողջապահական համակարգում մարդկային ներուժի համապարփակ եւ համալիր զարգացման, բժշկական օգնության որակի կառավարման բարելավումը:
5.4 Կրթություն եւ գիտություն
Քաղաքացու՝ իրեն արժանապատիվ եւ երջանիկ զգալու կարեւոր բաղադրիչ է կրթությունը։ Այս ոլորտում անհրաժեշտ փոփոխությունները պետք է ձեւավորեն այնպիսի միջավայր, որտեղ կարեւորվելու են կրթության որակը եւ արդիականությունը, կրթության մատչելիությունը եւ հասանելիությունը, կրթությունը որպես իրավունք, քաղաքացիական գիտակցության ձեւավորումը, ինչպես նաեւ դպրոցի աշակերտակենտրոն, իսկ ԲՈՒՀ-ի` ուսանողակենտրոն լինելը։
Կառավարությունը հանձնառություն է ստանձնում ապահովել կրթության հասանելիությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար. սոցիալական վիճակն ու Հայաստանի աշխարհագրությունը չպետք է խոչընդոտ հանդիսանան կրթության իրավունքի իրացման համար: Ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ որեւէ ուսանող չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից։
Անհրաժեշտ է դադարեցնել դպրոցների եւ բուհերի՝ քաղաքական-կուսակցական նպատակներով օգտագործումը, ինչը տարիներ շարունակ բացասական ազդեցություն է գործել կրթության որակի վրա` աստիճանաբար հեղանակազրկելով դպրոցը, ԲՈՒՀ-ը, ուսուցչին, կրթության ոլորտի կազմակերպիչներին։
Իբրեւ կրթության ոլորտի առաջնահերթություններ, անհրաժեշտ է՝
- Մեծացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը եւ հասանելիությունը հանրապետության բոլոր համայնքներում:
- Ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման մոդելներ։
- Նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը՝ մշակել նոր չափորոշիչներ եւ առարկայական ծրագրեր, վերարժեւորել ավագ դպրոցի դերը՝ խթանելով քննական մտածողությունը, նորարարությունը եւ վերլուծական հմտությունները տարատեսակ փորձարարական ծրագրերի ու միջազգային փորձի հիման վրա:
- Որպես աշխատաշուկայում կադրերի ապահովման հիմնական օղակ դիտարկել միջին մասնագիտական կրթությունը՝ նախապես ներդնելով աշխատաշուկայի կարիքների գնահատման եւ կրթական քաղաքականության իրականացման սինխրոնիզացման հստակ մեխանիզմներ։
- բարձրացնել գիտության նպատակային ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի պահանջներից բխող եւ գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին։
- Հայաստանում ապրելու եւ ստեղծագործելու