Նպատակը մեկն է` օրենքով ջարդել ընտրակեղծարարության մետաստազները. Նաիրա Զոհրաբյան
Քաղաքական ուժերը արդեն իսկ սկսել են քննարկումները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ օրենսգրքի փոփոխություններով իրենք կոտրելու են ընտրակեղծարարության մետաստազները. «Սկսել ենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը: Նպատակը մեկն է` օրենքով ջարդել ընտրակեղծարարության մետաստազները: Իսկ որ ընտրական հանցագործությունների ինստիտուտը Հայաստանում հասցված էր գրեթե ոսկերչական մակարդակի, իր մաշկի վրա տարիներ շարունակ զգացել է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Եվս մեկ անգամ սխալվելու իրավունք այլևս չունենք: Ուստի, պիտի ունենանք այնպիսի օրենսգիրք, որով կարելի է գնալ արժանապատիվ ընտրության: Եւ քանի որ նոր ընտրությունների պատասխանատուն այլևս Հանրապետական կուսակցությունը չի լինելու, ավելորդ եմ համարում խոսել քաղաքական կամքի անհրաժեշտության մասին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով Ընտրական օրենսգրքում առաջիկայում նախապատրաստվող փոփոխությունների մասին:

