Դավիթ Համբարձումյանի գործը լուծվել է ընդամենը 40 օրում, այսինքն՝ միջինից 14 անգամ ավելի արագ. Մելիքյան
«Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի հանդեպ Վճռաբեկ դատարանն ակնհայտորեն ցուցաբերել է տարբերակված մոտեցում, ու դա ստուգելի է մաթեմատիկորեն»,- նշել է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա մանրամասնել է. «Այսպես, Վճռաբեկի պաշտոնական կայքէջի տվյալների հիման վրա, ԱԲ-ի օգնությամբ, կատարեցի հետևյալ պարզ հաշվարկը. վերցրեցի դատավճիռների դեմ (առանց միջանկյալ ակտերի) քրեական պալատի կայացրած վերջին 20 որոշումները (2026-ի հունիսից նոյեմբեր), հաշվել տվեցի բողոքը վարույթ ընդունելուց մինչև վերջնական որոշման կայացում ընկած ժամանակահատվածները, ապա հաշվել տվեցի այդ ժամանակահատվածների միջինը։ Ստացվեց 568 օր, այսինքն՝ մեկ ու կես տարուց ավել։
Մինչդեռ Դավիթի գործը լուծվել է ընդամենը 40 օրում, այսինքն՝ միջինից 14 անգամ ավելի արագ։
Բա սա ի՞նչ է, եթե բացահայտ տարբերակված մոտեցում չէ»։
Հիշեցնենք՝ նախօրիեն Վճռաբեկ դատարանը հրապարակեց Դավիթ Համբարձումյանի գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանության կողմի վճռաբեկ բողոքների քննության արդյունքում կայացված որոշումը։ Ըստ այդ, Վճռաբեկ դատարանը Դավիթ Համբարձումյանի մասով ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ բեկանելով նրա մասով Վերաքննիչ քրեական դատարանի 2026 թվականի հունիսի 25-ի որոշումը և օրինական ուժ է տվել Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռին։

