Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան
Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Ալիևի դիմաց «ութը տակ ծալված Նիկո՛լ», էդ ի՞նչ ես ասելու Պուտինին․ Դերենիկ Մալխասյան Սխալ հաշվարկված հարկեր և կասեցված ծրագիր. Իշխանությունը խոչընդոտում է Վաղարշապատում «Թումո»–ի կենտրոնի կառուցումը. Տ. Եսայի Արթենյան Պատերազմ Արցախում
Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Արտակարգ դեպք՝ Դեմիրճյան փողոցում. Հսկա ամրաններն ընկել են փողոցի երթևեկելի մաս Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը. Փաստաբան Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը փակ է լինելու երթևեկության համար Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ՔՊ-ին ընտրություններով հաղթելու դեպքում կա երկու ելք՝ ազատազրկում կամ մահ․ Մամիջանյան Ընտրություններին մասնակցելը ուղիղ ճանապարհ է դեպի բանտ Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ Սիմոն Աբգարյանը նշանակվել է փարիզյան «Théâtre du Soleil»-ի ղեկավար

Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում

«Ընդդիմությունը երեկվանից էլ ավելի թեժ և համախմբված լծվել է Ալիևյան Սահմանադրության նախագծի մերժմանն ու հանրային քննարկումների օրակարգի ձևավորմանը։ Այսօրվա իմ եթերը նույնպես նվիրված է լինելու երեկ հրապարակված Սահմանադրության նախագծին և առկա խնդիրներին։ Կփորձեմ խոսել նոր թեմաների ու խնդիրների մասին, բերել պատմական, փիլիսոփայական և քաղաքական օրինակներ, իսկ վերջում մի փոքրիկ, այսպես ասած, սենսացիոն բացահայտում անել և լուծումներ առաջարկել»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով արդեն իսկ հրապարակված նոր Սահմանադրության  նախագծին:

Վերջինս արձանագրեց՝ ընդդիմությունը՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական, այս փուլում միասնական կերպով մերժում է Նիկոլ Փաշինյանի առաջարկած Սահմանադրության նախագիծը, մերժում է անգամ այն քննարկել։ 

ՉՊԵ՛ՏՔ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ ԴԱՐՁՆԵԼ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՏԵՔՍՏԸ

Այստեղ ուզում եմ մի քանի շեշտադրում անել։

Առաջին՝ միանշանակ է, որ բացարձակապես կարիք չկա Սահմանադրության տեքստը կամ դրա այս կամ այն դրույթը հանրային քննարկման առարկա դարձնել: Դա նշանակում է նպաստել Փաշինյանի ցանկությանը՝ Սահմանադրության քննարկումները վերածել հանրային քաղաքական դիսկուրսի։

Ո՛չ, մենք չպետք է մտնենք բովանդակային քննարկումների մեջ։ Սա բնավ չի նշանակում, որ չպետք է ուսումնասիրենք տեքստը, գտնենք դրա թույլ տեղերը և բարձրաձայնենք առկա խնդիրները։ Բայց չպետք է դրանք դարձնենք օրակարգի հիմնական թեմա։

Չպետք է աշխատի այնպիսի բանաձևում, ըստ որի՝ Սահմանադրությունը պետք է մերժվի, որովհետև այսինչ հոդվածը վատն է, կամ այն պետք է մերժվի, որովհետև մյուս հոդվածն ավելի վատն է։

Նման բնորոշումներն ու բանաձևերը խնդրում եմ ընդդիմությանը, հասարակական և հանրային ընդդիմադիր գործիչներին չներկայացնել հանրությանը և չդարձնել քննարկման առարկա։

Սահմանադրության նախագիծն առհասարակ մերժվում է, որովհետև այն հակահայկական է։

Սկզբից՝ նախագծի առաջին էջից, երբ չկա համապատասխան հղում մեր Անկախության հռչակագրին, արդեն իսկ պարզ է դառնում դրա էությունը։ Թեպետ դա չի նշանակում, որ հռչակագիրը չպետք է կարդալ։ Պետք է կարդալ, համեմատական վերլուծություններ անել, բայց չդարձնել դա մերժման հիմնական պատճառը։

Մենք չենք մերժում Սահմանադրությունը, որովհետև դատարանների թեման վատն է կամ այս կամ այն հոդվածը ճիշտ չի գրված։ Այս Սահմանադրությունը մերժվելու է, որովհետև այն հակահայկական է՝ առաջին իսկ էջից։

Մնացած բոլոր հարցերը, այո՛, կարևոր քաղաքական և համեմատական վերլուծությունների առարկա են, բայց ոչ Սահմանադրությունը մերժելու հիմնական պատճառը»,- ասաց Արմեն Աշոտյանը: 

ՉՀԱՎԱՏԱ՛Լ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԽՈՍՏՄԱՆԸ

ՀՀԿ փոխնախագահը խնդրեց նաև չքննարկել Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, թե «եկեք այս հարցը դնենք հանրաքվեի, և եթե այն չանցնի, ես կհեռանամ, իսկ եթե անցնի, 2031 թվականի կամ հաջորդ ընտրություններին այլևս վարչապետի թեկնածություն չեմ առաջադրի»։

«Ցավոք, մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ այդ խայծը կուլ են տվել և սկսել են անտեղի զուգահեռներ անցկացնել Սերժ Սարգսյանի՝ 2014 թ. հայտարարության հետ։ Այդ մասին արդեն խոսել են, բայց հիշեցնեմ սկզբունքային ամենամեծ տարբերությունը. 2014 թ. Սերժ Սարգսյանը ձեզ որևէ գործարք չի առաջարկել՝ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի»,- ասաց Արմեն Աշոտյանը: 

ՄԵՐԺՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ՝ ԱԺ ՊԱՏԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ

Խնդրում եմ քննարկել բացառապես այն փաստը, որ այս Սահմանադրությունը պետք է մերժվի։ Չմտնել բովանդակության մեջ, չկուլ տալ Նիկոլ Փաշինյանի խայծը՝ նրա առաջադրվելու կամ չառաջադրվելու վերաբերյալ խոստումները, և կենտրոնանալ այն կարևոր հանգամանքի վրա, որ Սահմանադրության այս նախագիծը Ազգային ժողովից այն կողմ չպետք է անցնի։

«Այսինքն՝ այն պետք է մնա Ազգային ժողովի պատերի ներսում մերժված փաստաթուղթ։

Ինչո՞ւ։ Որովհետև խորհրդարանը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, ձևավորվել է քվեարկության և ընտրությունների միջոցով։ Համաժողովրդական կամարտահայտության արդյունքում ընդդիմությունը ստացել է այն ձայները, որոնք բավարար են հենց Ազգային ժողովի պատերի ներսում այս գործընթացը վիժեցնելու և արգելափակելու համար։

Սահմանադրական հանրաքվեի խնդիրը, եթե բժշկական լեզվով արտահայտվեմ, պետք է ենթարկվի կարանտինի։ Այսինքն՝ այն պետք է փակվի Ազգային ժողովում, և այդ վարակը չպետք է դուրս գա հանրապետություն։ Մենք չպետք է թույլ տանք, որ սա դառնա հանրաքվեի թեմա։ Գործընթացը, սկսվելով Ազգային ժողովում, պետք է հենց այնտեղ էլ մերժվի»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ այս նախագիծը պետք է կանգնեցվի Ազգային ժողովի պատերի ներսում և այնտեղ ենթարկվի քաղաքական կարանտինի։ Ազգային ժողովում այս թեման պետք է փակվի, հայտարարվի քաղաքական կարանտին, և այս վարակը չպետք է դուրս գա Հայաստանի Հանրապետության տարածք։ Սա ամենակարևոր գերակայությունն է, որը ընդդիմությունը պետք է որդեգրի իր համար՝ քաղաքական կարանտին Ազգային ժողովում՝ այս թեման փակելու նպատակով։ 

Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ԵՎ Ո՞ՐՆ Է ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ

Տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանն իրականում մեզ որևէ նոր կամ օրիգինալ բան չի առաջարկում։ Մարդկության պատմության մեջ այսպիսի երկընտրանքներ շատ են եղել։

Ո՞րն է այդ երկընտրանքը։ Նիկոլ Փաշինյանի առաջարկած աշխարհայացքի հիմքում հետևյալ բանաձևն է՝ զիջել ազատությունը հանուն անվտանգության, դառնալ ստրուկ՝ հանգիստ ապրելու փոխարեն։ Այսինքն՝ նա մեզ առաջարկում է հին աշխարհից հայտնի բանաձևը՝ հանձնվեք, որ խաղաղ ապրեք։ Զիջեք ձեր ազատությունները, որպեսզի անվտանգ լինեք։ Հրաժարվեք ինքնությունից, որպեսզի ապրեք՝ կուշտ փորով և ապահով։

Այս բանաձևը գալիս է Հին աշխարհից։ Հին Հռոմում և Հին Հունաստանում բազմաթիվ դեպքեր կան, երբ պատմիչները նկարագրել են, թե ինչպես են զավթիչները պաշարում այս կամ այն ամրոցը, գրավում երկիրը և բնակիչներին առաջարկում հանձնվել, որպեսզի չկոտորվեն։ Հանձնվե՛ք, որ չկոտորվեք։

Անտիկ բառապաշարով ձևակերպելու դեպքում՝ մոտավորապես այսպիսին է նաև այն երկընտրանքը, որը Նիկոլ Փաշինյանն այսօր մեզ է հրամցնում։ Այսինքն՝ այստեղ որևէ նորություն չկա։

Նորությունն այն է, թե ինչով է տարբերվում այսօրվա երկընտրանքը։ Տարբերությունն այն է, որ պատմության մեջ նման առաջարկները միշտ արվել են զավթիչների կողմից։ Նրանք եկել են և բնակիչներին ասել՝ հանձնվեք, որպեսզի լավ ապրեք, որպեսզի ձեզ ձեռք չտան։

Իսկ հիմա այս երկընտրանքը մեր երկրում քարոզում է հենց երկրի ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձը։ Եվ սա է պատմության զավեշտն ու հեգնանքը. հայերին այս բանաձևը՝ հանձնվելու և ինքնությունից հրաժարվելու բանաձևը, առաջարկում է հենց հայը՝ ավելին՝ Հայաստանի ղեկավարը։

Սա է մեծագույն խնդիրը։ Որովհետև պատմական առումով այսպիսի իրավիճակների լուծման օրինակները շատ քիչ են։ Դրսի դեմ պայքարելու լուծումները շատ են, իսկ ներսի դեմ պայքարելու միակ լուծումը իշխանափոխությունն է։

Եվ այսպես, ի՞նչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը, կամ ի՞նչ է մեզ հուշում պատմական փորձը այս երկընտրանքի վերաբերյալ։ Ասում են՝ հանձնվեք և հանգիստ կապրեք։ Հանգստություն՝ ստրկության դիմաց։

Եվ սա չափազանցություն չէ։ Սա մոտավորապես նույնն է, ինչ եթե ես ձեզ հիմա հորդորեմ վերացնել ձեր ծննդյան վկայականն ու անձնագիրը։ Վերացրեք ձեր անձնագիրը և մոռացեք ձեր անունն ու ազգանունը։

Հասկանալի է, չէ՞, որ նման իրավիճակում, եթե որևէ մեկը բացի փոշոտ դարակը, հանի իր անձնագիրն ու ոչնչացնի այն, այլևս երբեք իր անունն ու ազգանունը չներկայացնի որպես սեփական ինքնություն, նրա ամբողջ կյանքը, բոլոր փաստաթղթերը՝ տան վկայականից մինչև դիպլոմ, ատեստատից մինչև մյուս փաստաթղթերը, դառնում են առ ոչինչ։

Դուք դառնում եք մի մարդ, ինչպիսին երբեմն տեսնում ենք ֆիլմերում. վթարից հետո ամնեզիա է ունենում, կորցնում հիշողությունը և չի կարողանում հիշել, թե ով է ինքը։ Նույն մոդելն է առաջարկում Նիկոլ Փաշինյանը։ Նա առաջարկում է մեզ ենթարկվել աշխարհաքաղաքական վթարի և մոռանալ, թե ով ենք եղել։

Հիմա, եթե ձեր կյանքի օրինակով պատկերացնեք, կուզենայի՞ք այդպես ապրել։ Կուզենայի՞ք մոռանալ ձեր ամբողջ անցյալը, ենթարկվել այդ վթարին, կորցնել հիշողությունը, այլևս ոչինչ չհիշել ձեր մասին։ Լավագույն դեպքում՝ շարժվել, խոսել, ուտել, իսկ վատագույն դեպքում՝ ընկնել կոմայի մեջ և այլևս գոյություն չունենալ որպես ինքնություն ունեցող անձնավորություն։ Իհարկե, չեք համաձայնի։

Եվ այս երկընտրանքի մեջ սա շատ կարևոր հանգամանք է, որպեսզի հասկանանք, թե ինչու է նման առաջարկը մերժելի։ Որովհետև եթե նույն բանն առաջարկեն մեզ անել մեր սեփական կյանքում, մենք, կներեք, այդ մարդուն շատ հեռու կուղարկենք։

Եթե որևէ մեկը գա, ձեր դուռը ծեծի և ասի՝ անձնագիրդ վառիր, գլուխդ տուր պատին ու մոռացիր՝ դու ով ես, առնվազն նրան դուրս կհրեք և դուռը կփակեք քթի առաջ։ Եվ որևէ լուրջ դեմքով քննարկում չեք ծավալի, թե նա ինչ է ուզում անել կամ ինչ է ձեզ առաջարկում։ 

ԴԻՄԱԴՐԵ՞Լ, ԹԵ՞ ՀԱՆՁՆՎԵԼ

Այս երկընտրանքի մեջ որտե՞ղ է խաբկանքը։

Այն ժողովուրդները, որոնք պատմության ընթացքում կուլ են տվել այդ խայծը, այսինքն՝ ասել են՝ լավ, եթե մեզ նման բան են առաջարկում, եկեք հանձնվենք, որպեսզի լավ ապրենք, 99,9 տոկոս դեպքերում կամ ոչնչացվել են, կամ արյունահեղությունը շարունակվել է ավելի մեծ թափով, կամ ընդհանրապես վերացել են պատմության երեսից։

Վերջին երկու օրերին ես հաճախ եմ բերում Կարթագենի օրինակը։ Հռոմեացիները երկու պատերազմ հաղթեցին, եկան և ասացին՝ ձեր քաղաքի ընդդիմադիրներին հանձնեք մեզ, ձեր առևտուրը սահմանափակեք։ Վերջում արդեն ասացին՝ լքեք ձեր քաղաքը և հեռացեք։

Այդ խայծը կուլ տված կարթագենցիները վերջում հասկացան, որ հռոմեացիները պարզապես զինաթափել են իրենց և չարաշահում են խաղաղ ապրելու իրենց ցանկությունը։ Ստիպված եղան երրորդ պատերազմը տալ, բայց արդեն ուշ էր, որովհետև թանկարժեք ժամանակը կորցրել էին, բանակը կազմաքանդել էին, առաջնորդներին բանտարկել (շատ նմանություններ կան այսօրվա իրավիճակի հետ- Ա.Ա.)։

Այսինքն՝ այս խայծը կուլ տված ժողովուրդները վերացել են քարտեզի երեսից։ Իսկ այն ժողովուրդները, որոնք պայքարել են, ունեցել են վերապրելու հնարավորություն։

Հետևաբար, եթե մեզ առաջարկվում է այս երկընտրանքը՝ զիջեք ազատությունը և ստացեք անվտանգություն, զիջեք ինքնությունը և ստացեք հանգստություն, ապա պետք է հասկանանք, որ զիջելու դեպքում 99,9 տոկոս հավանականությամբ վերանում ենք, իսկ չզիջելու դեպքում ունենում ենք պայքարելու և այս ճգնաժամը հաղթահարելու իրական հնարավորություն։

Մյուս խնդիրն այն է, որ, ինչպես արդեն ասացի, իրավիճակի յուրահատկությունն այն է, որ այս երկընտրանքի առաջ մեզ կանգնեցրել է ոչ թե օտարը, ոչ թե այլ ժողովուրդ, այլ մեր սեփական երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը։

Եվ այստեղ առաջանում է շատ կարևոր հետևություն։ Եթե մենք կուլ տանք այդ խայծը, ժողովուրդ ջան, Հայաստանում ոչ թե խաղաղություն և հանգստություն կհաստատվեն, այլ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամբողջությամբ կարմատավորվի ավտորիտար ռեժիմ, որը շատ արագ կարող է վերածվել տոտալիտար՝ ամբողջատիրական համակարգի, ավտորիտարիզմից դեպի տոտալիտարիզմ։ Եվ այս վտանգի մասին են խոսում նաև սահմանադրական նոր նախագծի մի քանի դրույթներ։

Այսինքն՝ մյուս հետևությունն այն է, որ հանձնվելու դեպքում խաղաղություն միևնույն է չի լինելու, հանգստություն նույնպես չի լինելու։ Ավելին՝ ազատությունները նախ և առաջ տրորվելու են Հայաստանի ներսում՝ Հայաստանի ղեկավարության կողմից։ Սա երկրի ավտորիտարացման ամենամեծ վտանգներից մեկն է։

Տեսե՛ք, ի՞նչ է մեզ առաջարկում Նիկոլ Փաշինյանը։ Կրկին օրինակ բերեմ։ Անձնագրի օրինակը հասկացաք։ Հիմա մեկ այլ օրինակ բերեմ։

Նիկոլ Փաշինյանը մոտավորապես ասում է հետևյալը. ժողովուրդ, ես մի գյուտ եմ արել։ Եթե մարդու օրգանիզմը չի դիմադրում բակտերիային կամ վիրուսին, ապա նա չի հիվանդանա։ Կրկնեմ՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկած քաղաքական մոդելը հետևյալն է՝ մի՛ դիմադրեք վտանգին։

Եթե այս տրամաբանությունը տեղափոխենք մարդու առողջության դաշտ, ապա դա նույնն է, ինչ ես՝ որպես բժշկական կրթություն ունեցող և այն գերազանցությամբ ավարտած բժիշկ, ձեզ ասեմ՝ ժողովուրդ ջան, երբ հիվանդանում եք, մի՛ դիմադրեք, մի՛ բուժվեք, դեղ մի՛ խմեք։ Հենց սկսեք դիմադրել, վիրուսը կամ բակտերիան ձեզ կկործանի, իսկ եթե չդիմադրեք, չի կործանի։

Հիմա առնվազն 90 տոկոս դեպքերում ինձ այսպես կնայեք և կասեք՝ այս ի՞նչ է խոսում, սա ի՞նչ բժիշկ է։

Նույն բանն է Նիկոլ Փաշինյանն առաջարկում քաղաքականության մեջ։ Նա ձեզ առաջարկում է նույն մոդելը՝ մի՛ դիմադրեք վտանգին, սպառնալիքին, վարակին, քաղցկեղին, մի՛ դիմադրեք, և ողջ կմնաք։

Դուք ձեր սեփական օրգանիզմի դեպքում, երբ մրսածություն եք ունենում, երբևէ որոշո՞ւմ եք չդիմադրել։ Որոշո՞ւմ եք դեղ չխմել, տաք չհագնվել, տաք թեյ չխմել՝ առնվազն մալինայով կամ կիտրոնով։

Ո՛չ, իհարկե։

Այսինքն՝ այս մոդելը, եթե նորից կիրառենք մարդու նկատմամբ, անձնագրի օրինակից անցնենք վիրուսի օրինակին, ստանում ենք հետևյալ աբսուրդը՝ մի՛ դիմադրիր, ողջ կմնաս։

Աբսուրդ է։ Ինչպե՞ս կարող ես ողջ մնալ, եթե չես դիմադրելու։ Ինչպե՞ս կարող ես վերապրել, եթե չես փորձելու բուժել օրգանիզմում առաջացած հիվանդությունը, չես փորձելու պայքարել սպառնալիքի և վարակի դեմ։

Կենսաբանական, մարդկային մակարդակից մինչև պատմական մակարդակ՝ այս մոդելն ինքնին զավեշտալի է։

Եվ սա ևս մեկ վառ օրինակ է այն բանի, թե որքան պրիմիտիվ խայծ են փորձում մեզ հրամցնել։

...ԽՈՍՏԱՑՎԱԾ ՓՈՔՐԻԿ ՍԵՆՍԱՑԻԱՆ

Հիմա գալիս եմ իմ խոստացած փոքրիկ սենսացիային։

Տեսե՛ք։ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի շուրթերով իբր հայտնել է Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին։ Ավելին՝ Ազգային ժողովն ընդունել է ոչ մի բանի մասին մի փաստաթուղթ, որն այդ անդամակցության մասին է, բայց ըստ էության ոչինչ չի երաշխավորում։

Նիկոլ Փաշինյանը մոտ տասը օր առաջ Բրյուսելում, Եվրանյուզի գագաթնաժողովի շրջանակներում կարծես թե հայտարարեց, որ 2027-2028 թվականներին Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ կներկայացնի։ Մեկ այլ առիթով էլ ասաց, որ 20 տարի անց Հայաստանը պատկերացնում է Եվրամիության անդամ։

Սա ֆիքսե՛ք, սա կարևոր հանգամանք է։

Հրապարակվեց Սահմանադրության նախագիծը, և դրա մեջ չկա Եվրամիությանն անդամակցելու մասին որևէ հոդված։

Բայց ինչո՞ւ չկա։

Բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են անդամակցել Եվրամիությանը, հատկապես հետխորհրդային տարածքում՝ Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, իրենց Սահմանադրություններում ամրագրել են եվրոպական ինտեգրման կամ Եվրամիությանն անդամակցելու նպատակը։

Ինչո՞ւ Հայաստանը, որը, իբր, նույնպես ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, դա չի գրել։

Որովհետև նույնիսկ Նիկոլ Փաշինյանը շատ լավ պատկերացնում է, որ Հայաստանն այս պահին Եվրամիությանն անդամակցելու տեսանելի հեռանկար չունի։ Հենց այդ պատճառով էլ նախագծում նման դրույթ չի ներառել։

Բայց կա նաև երկրորդ պատճառը, և այստեղ շատ կարևոր հանգամանք կա։ Խնդրում եմ՝ ուշադիր եղեք։

Գիտեք, Ռուսաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանից պահանջում է Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։ Նիկոլ Փաշինյանը կարող էր այստեղ բավականին խորամանկ քայլ անել՝ ներողություն բառիս համար։

Նա կարող էր Սահմանադրության նախագծում ներառել Եվրամիությանն անդամակցելու մասին հոդված և երկու հարցը մեկտեղել՝ առաջարկելով հանրաքվե անցկացնել և՛ նոր Սահմանադրության, և՛ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի վերաբերյալ։

Այդպիսով նա կարող էր նախագծի գրավչությունն է՛լ ավելի բարձրացնել հասարակության այն հատվածների համար, որոնք կողմնակից են եվրոպական ինտեգրմանը։ Մարդիկ կտեսնեին՝ այս նոր Սահմանադրությամբ մենք նաև Եվրոպա ենք գնում, և գուցե նույնիսկ չխորանային նախագծի մյուս դրույթների մեջ։

Միաժամանակ Մոսկվայում կարող էր Վլադիմիր Վլադիմիրովիչին ասել. «Դուք հանրաքվե էիք պահանջում, ահա, ես Սահմանադրության մեջ ներառել եմ Եվրամիությանն անդամակցելու դրույթը։ Հիմա դուք էլ մեր ընդդիմադիր գործընկերների հետ, որոնց հետ շփվում եք, աջակցեք, որպեսզի այդ հանրաքվեն անցկացվի»։

Այսինքն՝ մեկ հանրաքվեով և՛ նոր Սահմանադրության հարցը կդներ, և՛ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը։

Բայց նույնիսկ այս հնարավորությունն ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը դա չարեց։

Շատ պարզ պատճառով։ Նա եվրոպական ինտեգրման գործընթացը եվրոպացիների հետ օգտագործում է իր իշխանության երկարաձգման համար։ Եվ շատ լավ հասկանում է, որ նույնիսկ այս գայթակղիչ տարբերակը կարող էր միաժամանակ բարձրացնել Սահմանադրության նախագծի գրավչությունը և Մոսկվայում իրեն հնարավորություն տալ զեկուցելու, որ կատարել է հանրաքվե անցկացնելու պահանջը։

Բայց չարեց։ Չի գրել։ Սա արդեն փաստ է։

Հաջորդը։

Այս նոր Սահմանադրության մեջ, ժողովուրդ ջան, ուշադի՛ր, կան այնպիսի դրույթներ, որոնք վերաբերում են դատաիրավական համակարգին, իրավական հարաբերություններին, դատավորների վեթինգին, օրենքի հետադարձ ուժին, քաղաքացիությունից զրկելուն։

Չեմ ուզում հիմա մտնել մանրամասների մեջ։ Ձեզ ասում եմ հիմնական սկզբունքը։

Նախագծում ներառված են այնպիսի դրույթներ, որոնք ընդունվելու դեպքում կարող են լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին։

Ասեմ՝ ինչու։

Եվրամիությունն ունի անդամակցության չափորոշիչներ՝ Կոպենհագենյան չափանիշները։ Դրանք բաժանվում են երեք հիմնական խմբի՝ քաղաքական, տնտեսական և իրավական։

Անդամակցության գործընթացում երկրները պետք է համապատասխանեն այդ չափանիշներին։ Գործընթացը ներառում է 35 բանակցային ուղղություններ, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ։ Երկիրը պետք է իր օրենսդրությունը, տնտեսությունը և քաղաքական համակարգը համապատասխանեցնի Եվրամիության չափանիշներին, որպեսզի կարողանա առաջ շարժվել անդամակցության գործընթացում։

Բոլոր այն երկրները, որոնք այսօր հերթի մեջ են և երկար տարիներ չեն կարողանում դառնալ Եվրամիության անդամ՝ Բալկանյան երկրները, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և մյուսները, բախվում են տարբեր խնդիրների։ Նրանց անդամակցության գործընթացը կախված է նաև այդ 35 ուղղություններով բանակցությունների ավարտից և եվրոպական չափանիշներին համապատասխանելուց։

Հասկացա՞ք, սա անդամակցության համար շատ կարևոր հանգամանք է։

Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Սահմանադրության մեջ չի գրել, որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, այլև նախագծում ներառել է այնպիսի դրույթներ, որոնք, իմ գնահատմամբ, կարող են հակասել եվրոպական չափանիշներին։

Խոսքը դատաիրավական համակարգի, դատավորների ձևավորման, օրենքի հետադարձ ուժի, քաղաքացիության և այլ հարցերի մասին է։

Այս նորամուծությունները կարող են լուրջ խոչընդոտներ ստեղծել մեր եվրոպական հեռանկարի համար։

Հիմա ես չեմ, դուք եք, մտածե՛ք։

Եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել, մյուս կողմից՝ Սահմանադրության նախագծում ներառում է դրույթներ, որոնք չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին և կարող են խոչընդոտել անդամակցության գործընթացին, ապա ինչպե՞ս հասկանալ այս ամենը։

Հասկացա՞ք։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, կներեք, մոլորեցնում է և՛ ձեզ, որովհետև եվրոպական հեռանկարով է փորձում գրավել հասարակությանը, և՛ եվրոպացիներին։

Չնայած եվրոպացիներին մոլորեցնելու մասին այնքան էլ ճիշտ չէ ասել, որովհետև եվրոպացիները շատ լավ գիտեն, որ Հայաստանի անդամակցության տեսանելի հեռանկար այս պահին չկա։ Առնվազն մեկ սերնդի կյանքի տևողության կտրվածքով նման հեռանկարը տեսանելի չէ։

Այսպիսով, հասկանո՞ւմ ենք, որ այս նախագիծը ոչ միայն, իմ գնահատմամբ, Ալիևյան է, ոչ միայն հակահայկական է, այլև հակաեվրոպական է։

Այս Սահմանադրության նախագծի ընդունման պարագայում Հայաստանի Հանրապետությունը կարող է լուրջ խոչընդոտների առաջ կանգնել Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։

Եվ սա Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, գիտի։ Իսկ եթե չգիտի, ապա իր արտաքին գործերի նախարարը, արդարադատության նախարարը և մյուս պատասխանատուները պետք է նրան տեղեկացրած լինեն։

Եթե չեն ասել, որ այսպիսի դրույթներ ներառելու դեպքում Եվրամիության չափանիշներին համապատասխանելու հարցում լուրջ խնդիրներ ենք ունենալու, ապա դա արդեն իրենց ներքին խնդիրն է։

Փաստը մնում է փաստ. այսօրվա Սահմանադրության նախագծում ներառված են ձևակերպումներ, որոնք կարող են լրջորեն խոչընդոտել Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացին։

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

Լուծումները պարզ են։ Հեծանիվ հորինելու կարիք չկա։ Այս իրավիճակում, թեպետ արդեն ասացի, որ մեր իրավիճակն ունիկալ է, որովհետև դրսից ոչ ոք չի պահանջել զիջել ազատությունը և ինքնությունը հանուն խաղաղության։ Մենք առաջին դեպքն ենք, երբ երկրի ղեկավարը սեփական երկրից պահանջում է զիջել ինքնությունն ու ազատությունը՝ հանուն, այսպես ասած, խաղաղության կամ անվտանգության։ Մինչդեռ արդեն խոսեցինք, որ այդ ամենը պատրանք է․ նա դա անում է հանուն իր կառավարման, այն էլ՝ ավտորիտար կառավարման։

Լուծումները պարզ են։

Գործիք համար մեկ։ Ցանկացած նման փոփոխություն պետք է լինի հայելային։ Ինչպես ձեզ արդեն բերեցի Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի օրինակը, դա պետք է լինի հայելային։ Ինչ անում է մի կողմը, նույնը պետք է անի մյուս կողմը։ Այսինքն՝ եթե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, ապա նույնը պետք է անի նաև Ադրբեջանը։ Սա աքսիոմ է։ Իհարկե, թե ինչպես պետք է դա արվի, քննարկման առարկա է։ Ժողովուրդը կհամաձայնի, թե չի համաձայնի, բայց գոնե առաջին քայլը պետք է լինի հայելային։

Երկրորդը՝ երաշխիքներն են։ Որպեսզի նման գործընթացներն արդյունավետ լինեն, պետք է լինեն երաշխիքներ։

Ես ձեզ բերեցի բոլոր հաջողված օրինակները՝ Իռլանդիա, Ֆինլանդիա։ Մոռացա նաև պատմել Գերմանիայի օրինակը 90-ականներից, որը նույնպես փոխեց Սահմանադրությունը ԳԴՀ-ի հետ միավորվելուց հետո, երբ ստեղծվեց Միացյալ Գերմանիան։ Սահմանադրությունը փոխվեց՝ ունենալով չորս երաշխավոր՝ Խորհրդային Միությունը, Ամերիկան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Գերմանիան փոխեց իր Սահմանադրությունը՝ ունենալով չորս միջազգային երաշխավոր։

Այսինքն՝ մյուս կարևոր խնդիրը երաշխիքներն են, ոչ թե պարզապես վկաները, ինչպես Թրամփի, այսպես կոչված, TRIPP-ի հետ կապված դեպքն է, երբ կողքից նայում են, իսկ նախագահն էլ մի տեսաուղերձ է ուղարկում։

Մեզ անհրաժեշտ են իրական միջազգային երաշխիքներ, ինչպես Մակեդոնիային ընդունեցին ՆԱՏՕ, ինչպես Ֆինլանդիային երաշխիքներ տվեցին, ինչպես Գերմանիային երաշխիքներ տվեցին։

Երրորդը՝ ամենակարևորը։ Հասարակությունները պետք է կարողանան հաղթահարել նման ճգնաժամերը հանրային համերաշխության մթնոլորտում, ոչ թե պառակտման պայմաններում։

Որպեսզի այս կամ այն ժողովուրդը, պետությունը կամ հասարակությունը կարողանա հաղթահարել արտաքին մարտահրավերները, այն պետք է լինի համախմբված, ներառական և համերաշխ։

Իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք, նրա հետևողական քաղաքականության պատճառով, մեր հասարակությունն աստիճանաբար պառակտվում է։ Մենք դառնում ենք պառակտված քաղաքակրթություն։ Դեռ երեք-չորս տարի առաջ, Նուբարաշենի բանտում, ձեզ համար հոդված էի գրել այն մասին, որ մենք ամենավտանգավոր ճանապարհին ենք՝ դառնում ենք պառակտված քաղաքակրթություն։

Եվ մեզ պառակտում են ու շարունակում պառակտել։ Սա նաև մեզ զրկում է դիմադրելու հնարավորությունից։

Այսինքն՝ դիմադրության ներքին ռեսուրսը հանրային համերաշխությունն է, մոբիլիզացիան, փոխադարձ կարեկցանքն ու համերաշխությունը։

Այս դեպքում մենք մեծ շանսեր ունենք հաղթահարելու այս մարտահրավերը։

Այսպիսով՝ մեր առաջ երեք կարևոր լուծում կա.

1. Հայելային քայլեր, որոնք պետք է արվեն հակամարտությունների հանգուցալուծման ժամանակ։

2. Միջազգային իրական երաշխիքներ։

3. Հասարակական համերաշխություն և ներքին համախմբում։

Կարող եք օգտագործել այս տեղեկատվությունը, փոխանցել մեր հանրային և ընդդիմադիր քաղաքական գործիչներին։ Նրանց մի մասը կարծում է, որ ամեն ինչ գիտի։ Հուսով եմ՝ այս ամենից գոնե մի բան կարողացա օգտակար դարձնել նաև մեր առաջատար, այսպես ասած, տիտղոսային ընդդիմադիր գործիչների համար՝ զինելով նրանց նոր փաստարկներով։
--
Մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>