«Արցախը գոյություն ունի՝ նույնիսկ իր հողից դուրս». գործարկվել է «Արցախ» թվային հարթակը
«Արցախյան խաչ» հիմնադրամի նախաձեռնությամբ գործարկվել է «Արցախ» թվային հարթակը՝ նպատակ ունենալով վերականգնել խզված համայնքային կապերը, օգնել արցախցիներին գտնել միմյանց և թվայնացնել Արցախի յուրաքանչյուր ընտանիքի պատմությունը։
Ի տարբերություն սովորական սոցիալական ցանցերի՝ «Արցախ» հարթակը ստեղծվել է որպես ինքնության պահպանման և համայնքային վերամիավորման գործիք։ Այն հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, ինչը թույլ է տալիս միավորել ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններում հաստատված արցախցիներին։
Ի՞նչ հնարավորություններ է տալիս հարթակը.
· Համայնքի քարտեզագրում. գտնել համագյուղացիներին, հարևաններին և հարազատներին՝ անկախ նրանց ներկայիս գտնվելու վայրից։
· Կենդանի տոհմածառ. կառուցել սեփական ընտանիքի տոհմածառը և կապել այն Արցախի ընդհանուր պատմական հիշողության հետ։
· Ընտանեկան արխիվ. ամրագրել սեփական ընտանիքի և համայնքի պատմությունը՝ փոխանցելով այն ապագա սերունդներին։
Հարթակի գործարկմանը զուգահեռ մեկնարկել է նաև աջակցության արշավ. հիմնադրամի կամավորները հեռախոսազանգերի միջոցով անհատական օգնություն կցուցաբերեն բոլոր նրանց, որոնք դժվարանում են ինքնուրույն գրանցվել հարթակում։
«Արցախյան խաչ» հիմնադրամը կոչ է անում արացախցիներին գրանցվել հարթակում, գտնել հարազատներին և ամրագրել իրենց ընտանիքը մեր ընդհանուր պատմության մեջ։ Միաժամանակ հիմնադրամը համագործակցության է հրավիրում բոլոր շահագրգիռ անհատներին, համայնքային կառույցներին ու կազմակերպություններին՝ հարթակի հնարավորություններն ընդլայնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով։
Հարթակում գրանցվելու համար կարող եք այցելել https://artsakhdp.com/ կայք։
Գրանցման հարցերով աջակցություն ստանալու և համագործակցության համար կարող եք զանգահարել կամ գրել +374 33 15 51 15 հեռախոսահամարին կամ գրել info@artsakhiancross.am էլ․ փոստի հասցեին։

