Քաղաքային իշխանությունը շարունակում է ընդլայնել սեփական ծառայողական ավտոպարկը՝ հանրային միջոցների հաշվին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը գրում է. «Հաջորդ տարի Երևանի քաղաքապետարանի ավտոպարկը կհամալրվի ևս 50 նոր էլեկտրամոբիլով, որոնց ձեռքբերման համար հարկատուների գրպանից կծախսվի 300 միլիոն դրամ։
Այսպիսով, քաղաքային իշխանությունը շարունակում է ընդլայնել սեփական ծառայողական ավտոպարկը՝ հանրային միջոցների հաշվին՝ սեփական հարմարավետությունը դարձնելով առաջնահերթություն։
Հարցն ամենևին էլ այն չէ, որ քաղաքապետարանը պետք է հրաժարվի էկոլոգիապես մաքուր տրանսպորտից։ Հարցն այն է, թե ինչո՞ւ են պաշտոնյաների համար նախատեսված նոր մեքենաներն այդքան առաջնահերթ, երբ Երևանի բնակիչների առօրյա բազմաթիվ խնդիրներ շարունակում են մնալ չլուծված։
Երևանին առաջին հերթին պետք են որակյալ հանրային տրանսպորտ, անվտանգ փողոցներ և քաղաքային միջավայր, որտեղ առաջնայինը մարդն է, ոչ թե պաշտոնյայի հարմարավետությունը։
Ի վերջո, քաղաքապետարանի ավտոպարկը քաղաքի զարգացման ցուցանիշ չէ։ Քաղաքի զարգացման իրական չափանիշը բնակիչների կյանքի որակն է»։

