Փաշինյանը սայթաքեց, «կաղ բադիկ» դարձավ, ՔՊ-ում անհանգստացած են․ Հակոբյան
Ընդդիմությունը չի կարող նոր Սահմանադրության հարցով գործարքի գնալ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ թեկուզ միայն այն պատճառով, որ կառավարության ղեկավարն իր անհուսալիության պատճառով վստահություն չի ներշնչում։ Այդ մասին NEWS.am-ի հյուրընկալությամբ հայտարարել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նա, մասնավորապես, Փաշինյանի հետ գործարքը համեմատել է խաղատուն գնալու հետ։
«Պատկերացրեք մի իրավիճակ, երբ թղթախաղի ժամանակ մի քանի անգամ ձեր մրցակցին բռնացնում եք խարդախության մեջ։ Նման իրավիճակում դժվար թե որևէ մեկը ցանկանա շարունակել նրա հետ խաղալ։ Նրան պարզապես կդադարեն հավատալ»,- պարզաբանել է Հակոբյանը։
Փորձագետի գնահատմամբ՝ նման խաղն առանձնանում է իր անազնվությամբ և, հետևաբար, անկանխատեսելիությամբ։
Երկրորդ պատճառը, ինչպես նշել է քաղտեխնոլոգը, քաղաքական բաղադրիչ ունի։ Փաշինյանը, փաստորեն, ընդդիմությանն առաջարկել է իր հետ կիսել պատասխանատվությունը և դառնալ Սահմանադրության փոփոխության՝ իր առաջարկած գործընթացի հանցակիցը։
Հակոբյանը կառավարության ղեկավարին համեմատել է նաև «կաղ բադիկի» հետ։ Նրա գնահատմամբ՝ իշխող կուսակցությունում Փաշինյանի դիրքերն ավելի են խարխլվել իշխող ուժի ներսում լարվածության սրման և առաջացած մտավախությունների պատճառով։

