Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ նրանց թվում ՀՀ քաղաքացիներ կան
Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած ողբերգության հետևանքով մահացել է նույն ընտանիքի հինգ անդամ, այդ թվում՝ երեք երեխա։ Գերմանական Օֆենբուրգի ոստիկանության հաղորդմամբ՝ ընտանիքի երեխաներն ունեցել են Գերմանիայի և Հայաստանի երկքաղաքացիություն։
Ինչպես փոխանցում են գերմանական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին՝ Ռիխարդ Վագներ փողոցի բնակարաններից մեկում։ Առավոտյան ժամը 11:30-ի սահմաններում իրավապահներն ահազանգ են ստացել այն մասին, որ երեխաները չեն ներկայացել դպրոց, իսկ բնակարանի դուռը ներսից որևէ մեկը չի բացում։
Նախնական տվյալներով՝ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների սարքերը բնակարանում արձանագրել են շմոլ գազի (ածխածնի մոնօքսիդի) բարձր խտություն։ Այս պահին քրեական ոստիկանությունը քննություն է իրականացնում՝ պարզելու, թե արդյոք գազի արտահոսքը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության հետևանքով, թե առկա է հանցակազմ։

