Պեսկով. Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան
Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ առանց ամսաթիվ կամ այլ մանրամասներ նշելու։
«Մենք պատրաստվում ենք այցին. այն նախապես համաձայնեցված էր։ Մանրամասները կհայտարարենք ավելի ուշ», - ասել է նա։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նաև ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը առաջիկայում Ռուսաստան այցի ժամանակ կհայտարարի, թե արդյոք մասնակցելու է դեկտեմբերի 21-ին կայանալիք ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Պեսկովի խոսքով, Մոսկվան դեռ տեղյակ չէ այդ մասին։
«Մենք դա դեռ չգիտենք. մենք պետք է հարցնենք Փաշինյանին։ Կարծում եմ՝ նա երբ լինի Մոսկվայում, կհայտնի՝ արդյոք կմասնակցի ոչ պաշտոնական գագաթնաժողովին», - ասել է նա։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեկտեմբերին երեք անգամ՝ դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին, Ռուսաստան այցելելու իր մտադրության մասին։
«Ամեն տարվա վերջ Սանկտ-Պետերբուրգում է լինում ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափով առաջնորդների հանդիպում։ Դեկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԵԱՏՄ-ի միջկառավարական, այսինքն՝ վարչապետերի ձևաչափով հանդիպում, որը էլի վաղուց պլանավորված հանդիպում է։ Այսինքն երեքից երկուսը այդ ձևաչափն է և դեկտեմբերի 3-ին նախնական պայմանավորվել ենք, որ այց կունենամ Մոսկվա և Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ կունենանք քննարկումներ, հանդիպում։ Բիշքեկում էր կարծեմ, հանդիպման արդյունքներով ասեցինք՝ Ռուսաստանի նախագահն էլ ասեց, ես էլ ասեցի, որ այս ընթացքում կլինի այց, որպեսզի ընթացիկ հարցերը քննարկենք»,- ասել էր Ն.Փաշինյանը։
Աղբյուրը` Panorama.am

