Նարեկ Մկրտչյանի հանդիպումների «հերոսների» զգալի մեծամասնությունը Իսրայելի «երդվյալներ» են. Քաղաքական վերլուծաբան
ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Միրտչյանը հայտնում է, որ Նյու Յորքում հանդիպել է քաղաքի Դեմոկրատական կոմիտեի նախագահ Ջեյ Ջեքոբսի հետ։
«Քննարկեցինք համագործակցության հնարավորությունները՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդումը, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգի իրագործումը և երկկուսակցական աջակցության շարունակական ապահովումը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, անդրադառանալով այս հանդիպմանը, նշում է.
«Լավ է իհարկե, որքան շատ հանդիպում, կապեր ԱՄՆ տարբեր շրջանակների հետ, այդքան ավելի լավ։ Միայն թե կա շատռ ուշագրավ մի հանգամանք, որով աչքի է ընկնում Նահանգներում Հայաստանի դեսպանի գործունեությունը։
Նրա հանդիպումների «հերոսների» զգալի մեծամասնությունը, եթե չասեմ՝ գերակշռող, լինում են այն գործիչները, որոնք Իսրայելի «երդվյալներ» են։ Դրանցից է նաեւ Ջեյ Ջեքոբսը, որն առհասարակ հրեական ծագում ունի, դավանում է հուդայականություն, իսկ 2025 թվականին Նյու Յորքի քաղաքապետի ընտրությանն էլ հրաժարվել է սատարել իր իսկ կուսակցության թեկնածուին՝ Զոհրան Մամդանիին, որը ունի հնդկական ծագում եւ քննադատում էր պաղեստինցիների հանդեպ Իսրայելի քաղաքականությունը։
Կրկնեմ, Ջեյքոբսի դիրքորոշումն իհարկե իրենց ներկուսակցական գործն է, իսկ Հայաստանն էլ պետք է հարաբերվի ամերիկյան շրջանակների հետ անկախ նրանց դավանանքից կամ Իսրայելի հանդեպ հայացքից։ Բայց շատ հետաքրքիր է, որ Հայաստանի դեսպանի հարաբերությունների «վիճակագրության» մեջ կարծես թե գերակշռում է հենց այդ շրջանակը։
Նշեմ նաև, որև Ջեյքոբսը նաև գործարար է ու ունի մանկական ճամբարների ցանց»։

