«Հրապարակ»․ Ով է ուղեկցելու Փաշինյանին
«Հրապարակը» գրում է. «Ամիսներ առաջ գրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին պատրաստվում են փոխարինել փորձառու դիվանագետ Սամվել Մկրտչյանով, որը ողջ կյանքում եվրոպական երկրներում է աշխատել, իսկ 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչն է եղել։ Բայց Ռուսաստանը կարող է վերապահումներ ունենալ նրա անձի հետ կապված:
Ինչպես տեսանք, Ռուսաստանը հաստատեց նրա ագրեմանը, եւ օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Մկրտչյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան: Բայց ՀՀ իշխանությունների փնթի ձեռագիրն այս հարցում էլ է դրսեւորվել:
Բանն այն է, որ դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը 3 այց ունի Ռուսաստան, սակայն նախկին դեսպանն արդեն հետ է կանչվել եւ չի կարող նրան ուղեկցել, իսկ նորի հավատարմագիրը դեռ ՌԴ իշխանությունները չեն ընդունել․ դա որոշակի ժամանակ է պահանջում եւ կարող է ամիսներ տեւել, ինչը նշանակում է, որ նա չի կարող մուտք ունենալ պետական կառույցներ եւ մասնակցել պաշտոնական արարողություններին: Նման այցերի ժամանակ տվյալ երկրում հավատարմագրված դեսպանն է, որպես կանոն, ուղեկցում երկրի ղեկավարին, այս պարագայում Նիկոլ Փաշինյանին ՀՀ դեսպանը չի ուղեկցելու: Ընդամենը կարող էին դեսպանափոխությունը մի փոքր հետաձգել եւ հրամաններն արձակել, ասենք, հունվարին»:

