Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա
Վերջին 30 տարիների ընթացքում, Եվրոպայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում, եղել են գործիչներ, որոնք Հայաստանին վերաբերվել են, ոչ թե այսպես կոչված՝ «պրագմատիկ», այլ՝ սկզբունքային, արժեքային մոտեցումներով:
Նման գործիչները քիչ են, սակայն հենց նրանք են իրենց երկրներում թելադրում հանրության զարգացման ուղղությունները ռազմավարական իմաստով, քանի որ բոլոր զարգացումների հիմքում, առաջին հերթին, արժեքներն են, հետո միայն պրագմատիկ լուծումները: Արևմուտքում ևս քիչ են նման գործիչները, ովքեր, իրենց գործնեության հիմքում դնում են հենց իրական արժեքները, այլ ոչ թե այսրոպեական շահերը:
Հասկանալի պատճառով, նման գործիչները, չեն կարող դուր գալ Ադրբեջանին և Նիկոլ Փաշինյանին, որոնք հայտնվել են նույն քաղաքական նավակի մեջ՝ մի շարք պատմական իրադարձությունների հետևանքով:
Նման գործիչներից է Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ Ջոն Այբները, ով իր գործնեության ընթացքում միշտ աջակցել է հայ ժողովուրդին՝ չհետապնդելով քաղաքական դիվիդենտներ:
Հենց այդ պատճառով էլ առավել նյարդային արձագանքներ է ստացել Ադրբեջանից և Փաշինյանի իշխանությունից:
Վերջերս, օրինակ, Այբները ելույթ ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումներում՝ «Գլոբալ քրիստոնյաների հալածանքներ. նոր մարտահրավերների հաղթահարում» թեմայով։
Իր ելույթում, նա նշեց, որ Իլհամ Ալիևը, վերսկսելով պատերազմի սպառնալիքները, պահանջում է Հայաստանի ենթարկեցումը և նրա ինտեգրումը թյուրք-մուսուլմանական ազդեցության ոլորտին՝ որպես խաղաղության գին։
Նա հռետորական հարցադրումով հանդես եկավ, թե ուր են անհետացել Նախիջևանի,

Բաքվի, Սումգայիթի և Գյանջայի (Գանձակ) հայ քրիստոնյաները՝ կրկին կապելով այս համայնքների ճակատագիրը Ադրբեջանում քրիստոնեական ներկայության նպատակային ոչնչացման հետ։
Իր ելույթում նա մանրամասն ներկայացրեց, թե ինչպես

Արցախը էթնիկապես «մաքրվեց» հայերից, ինչ դերակառտարում ունեցան Սիրիայի ջիհադական ուժերը, որոնց տարածաշրջան էր բերել Թուրքիան:
Նա իր ելույթն ավարտեց լիովին կանխատեսելի եզրակացությամբ. «Քրիստոնեական Հայաստանը կանգնած է լուրջ գոյաբանական սպառնալիքի առաջ»։

Սակայն, Այբների քննադատությունը միայն Ադրբեջանի ու Թուրքիայի հասցեին չէր ուղղված:
Այբները հատուկ ուշադրություն դարձրեց Հայ Առաքելական Եկեղեցուն՝ պնդելով, որ այն, ինչ տեղի է ունենում նրա շուրջ Հայաստանում, կապված է նաև Թուրքիայի և Ադրբեջանի ճնշման հետ։
Փաստացի, ԱՄՆ-ի Կոնգրեսում, Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահը Հայաստանում եկեղեցու դեմ Փաշինյանի արշավն ուղղակի կապեց Թուրքիայի և Ադրբեջանի պահանջների հետ, դրանով իսկ բացահայտելով ներկայիս հայաստանյան իշխանության իրական բովանդակությունը, որն սպառնում է, ոչ միայն Հայաստանի, այլև քրիստոնեական տարրի գոյությանը մեր տարածաշրջանում:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

