Ալիևյան սահմանադրության իրական հեղինակները բարձր են գնահատում Փաշինյանին ու ՔՊ-ին
Ադրբեջանի համար Հայաստանի Սահմանադրության մեջ կարևոր միակ հարցը տարածքային պահանջների վերացումն է։
APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի շրջանակում։
«Համաձայնագրի նախաբանը և 17 հոդվածները հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։
Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ համաձայն է վերջնականապես ստորագրել համաձայնագիրը միայն մեկ պայմանով՝ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։
Սա Հայաստանի ներքին գործընթացն է, և մեր ուժերից վեր է որոշել, թե երբ դա տեղի կունենա։
Ինչ վերաբերում է այսօր հրապարակված Հայաստանի նոր Սահմանադրության նախագծին, ապա չէի ցանկանա որևէ մեկնաբանություն անել։ Դա Հայաստանի ներքին հարցն է։ Մեզ համար այնտեղ կարևոր միակ հարցն այն է, որ նոր Սահմանադրությունը չպարունակի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Հրապարակված տեքստի համաձայն՝ այս պահին նման հանգամանք չկա։ Մենք դա շատ բարձր ենք գնահատում»,– ասել է Բայրամովը։
Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը շարունակելու է հետևել Հայաստանի Սահմանադրության շուրջ զարգացումներին, և փաստաթղթում փոփոխություններ կատարելուց հետո նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլ լրացուցիչ խոչընդոտ չի լինի։
Նշենք, որ այսօր հրապարակվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։ Դրա նախաբանում բացակայում է Հայաստանի Անկախության հռչակագրին հղումը։
Հիշեցնենք, որ Անկախության հռչակագրում առկա է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միավորելու անհրաժեշտության մասին դրույթ։ Ադրբեջանը դեմ է այդ դրույթին և Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։
--
Ըստ էության, բաց տեքստով հաստատվում է, որ ալիևների ու բայրամովների պահանջով ՔՊ-ականները Հայաստանին պարտադրում են թշնամական օրակարգ ու նվաստացուցիչ, ստորացուցիչ, ինքնաոչնչացման նպատակ ունեցող պայմաններ՝ սպառնալով պատերազմով, բանտարկություններով, բռնաճնշումներով:
Այսինքն, Հայաստանը հրաժարվում է Անկախության հռչակագրից, այսինքն՝ Հայաստանը ոչ մի բան է, իսկ հայերն էլ՝ պետականություն ունենալու ոչ արժանի ինչ-որ անպատմություն, անպետություն, անհայրենիք թափառախումբ: Սա՛ է Նիկոլի «իրական Հայաստանը», իսկ եթե չկա Հայաստան, ո՞վ կամ ինչո՞ւ պիտի պատասխան պահանջի Փաշինյանից ու նրա գործակից ՔՊ-ականներից՝ Արցախը թուրքին հանձնելու, Արցախը հայաթափելու, հազարավոր հայ տղաների մահվան մատնելու, «Եռաբլուրը» եռապատկելու և մնացյալ աղետների համար:
Փաշինյանն ասում է՝ «խաղաղություն»: Արցախում հիմա «խաղաղություն» է... Վաղը նույն գերեզմանոցային «խաղաղությունը» լինելու է Հայաստանում: Վայելեք երկրի թրքացումն ու ադրբեջանականացումը:

